Անհայտ կորած ազատամարտիկների մայրերը ցանկանում են հատուկ կարգավիճակ ստանալ, սակայն հարցի լուծումը ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է: Իրավապաշտպանները ևս համոզված են` անհայտ կորած անձինք պետք է ունենան իրավական կարգավիճակ, մինչդեռ մեր երկրում նրանց իրավիճակը հստակեցված չէ, ինչը խնդիրներ է առաջացնում:
Դեռ 1992-ից անհայտ կորած Վրեժ Գրիգորյանի մայրը` Սամարա Գրիգորյանը, ով նույնպես հատուկ կարգավիճակի անհրաժեշտության մասին է բարձրաձայնում, մինչ օրս ամեն անգամ հացի սեղան գցելիս սպասում է, որ իրենց կմիանա նաև որդին` Վրեժը: Տիկին Սամարան ժամանակին աշխատել է իբրև դաստիարակ, մանկավարժ` թիվ 170 մանկապարտեզում: «Երեք տղա ունեմ, փոքրս Վրեժս էր, երեքն էլ նույն մանկապարտեզում են եղել, երեքին էլ մեծացրել եմ, դպրոց ուղարկել: Ես հրաժարվեցի իմ աշխատանքից 1992 թվականին, երբ տղաս անհայտ կորավ, քանի որ երբ մտնում էի խումբ, տեսնում էի մահճակալը դատարկ, չէի կարողանում ուրիշ երեխայի քնացնել այդ մահճակալին, չէի կարողանում, որովհետև Վրեժս ուրիշ տեսակ էր, չեմ կարող խոսքերով նկարագրել՝ ինչ գնչուական աչքեր ուներ, ինչ գեղեցիկ արտաքին, հնարավոր չէր նրան մոռանալ, բոլորն ինձ ասում էին՝ Սամարա, ինչ կլինի խումբդ փոխիր, այս մահճակալը կթողնենք Վրեժի համար` քանի դեռ դու այստեղ աշխատում ես, միայն թե մնա մեզ հետ, բայց ես չկարողացա, հրաժարվեցի»,- պատմում է նա:
Երբ Վրեժի 16 տարին լրացավ, նա սիրով գնաց, նկարվեց, անձնագիր ստացավ, երկու ավագ եղբայրները խորհրդային բանակում ծառայել էին, և Վրեժը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանի համաձայն, ծառայությունից ազատված էր, բայց ոչ մի անգամ այդպես էլ չի գնացել իր զինգրքույկի հետևից, ասում էր՝ ինչիս է պետք: Տիկին Սամարան հիշում է. «Ազատագրական շարժումը սկսվեց 1988-ին, Վրեժի ծաղկուն ժամանակն էր. նա շատ էր սիրում վերարկուներ, կոստյումներ, լավ հագնվել, ասում էր` ես պիտի իմ երեք եղբայրներիս (հորն էլ էր եղբայր ասում- Ս. Գ) համար միշտ կարուձև անեմ, ու սովորում էր… 1988-ի երկրաշարժից հետո երբ ամուսնուս հետ նա գնաց Լենինական` օգնելու (սկեսուրս ընտանիքով Թուրքիայի Սարիղամիշից գաղթել-եկել էին Լենինական, ապա եկան Երևան՝ կինո «Հայրենիքի» տարածք), գնաց այնպիսի տեղ, որտեղ դպրոց էր, երեխաների դիակներն էին հանում, մեծ ցավ ապրեց տղաս: Երկու շաբաթ հոր հետ մնաց, հետո ազդված եկավ, լրիվ փոխվել էր, տղամարդ էր դարձել, ինքն էլ` չսափրված, եկավ, ասաց՝ «Մամա, ինչ հետաքրքիր է կյանքը, միամիտ մտել են դասարան՝ դաս անելու, բայց երեխաները մնացել են նստարանին նստած, մահացան», այսպես ասաց: Դրանից հետո սկսվեց շարժումը, Սումգայիթը, Կիրովաբադը, գյուղերը, Շահումյանը արդեն ընկան ծուղակի մեջ, տղաները խումբ-խումբ կանգնում էին սահմանի վրա, որպեսզի թուրքը չմտնի: Ռուսկի Բարիս գյուղ ունեինք Վերիշենի կողմը, դեպի Շահումյանը, էն կողմից են մտել ադրբեջանցիները, որ գրավել են, հենց այդտեղ էին կանգնում»,- հիշում է մայրը:
Վրեժը քեռու խմբի հետ միշտ գնում էր դիրքեր, քեռին պատմում էր, որ երբ Վրեժը գալիս էր, հագուստը չէր հանում, կազմ-պատրաստ նստում էր աթոռին, հրացանը կողքն էր դնում: Մորական պապը Շահումյանի Վերիշեն գյուղում զինղեկ է եղել, ամբողջ զենքը տվել է ժողովրդին՝ պաշտպանության համար, Վրեժն էլ զենքը վերցրել էր պապից, դրել կողքը, ասում էր` «Հանկարծ էս տղաներին մի բան լինի գիշերով, քեռի ջան, ուր ենք քնում, պիտի գնանք», ու այդպես պատրաստ կանգնած էր: Տիկին Սամարան հիշում է` Վրեժի մեջ կյանքը եռում էր, անգամ մյուս երկու եղբայրներն այդպես չէին, գուցե նրանից էր, որ արդեն հասուն էին, ծառայած, բայց իր մեջ երկու կողմի գեներն էին խոսում, և տատիկի պատմածը` ինչպես են փախել սայլով, եկել Լենինական, ինչպես են իր հոր վրա կրակել, գցել խշտիկների վրա, մյուս կողմից մորական պապի պատմածը, որ մինչև Բեռլին բարձրացել է, Սամարա քաղաքի գրավման ժամանակ մեծ շքանշան է ստացել, ու դա նրա համար դարձել է սիմվոլիկ մի բան (այդ պատճառով էլ դստեր անունը Սամարա է դրել):
«Վրեժս սկսեց պաշտպանությանը մասնակցել մայիսին, երբ Լաչինի ճանապարհը բացվեց, կարողացան գալ, զամեն եկավ, Շահումյանը պաշտպանելուց հետո այստեղ արդեն իմացավ, որ Շուշին գրավել են, շատ ուրախացավ: Տղաները, որ Զեյթուն ջոկատի մեջ են, գնացին, մատաղ արեցին, սկսեցին ուրախանալ, բայց էդ ուրախությունը երկար չտևեց, հունիսի 12-ն էր արդեն, երեխաս լսել էր, որ Շահումյանն արդեն դուրս է գալիս, ու չգիտեր` ասի ինձ այդ մասին, թե ոչ, սիրտս վատ էր` ինքը թողել, գնացել էր, տեղեկություն չունեի՝ ո՛չ հեռախոսակապ կար, ո՛չ գնացող-եկող կար, անհանգիստ էի, ու չէր իմանում` ասի, թե ոչ: Աշխատանքից եկա, տեսա Վրեժս մի տեսակ տխուր էր, ասացի` Վրեժ ջան, ինչ է եղել, ասաց` մամա, ոչ մի բան, ուղղակի ընկերներիս բան ա պատահել, ու հեռուստացույցը, ռադիոն գաղտնի անջատում էր, որ ես չլսեմ (միշտ լուրերին հետևում էի, էլի), դուրս եկա, գնամ, հարևանս սուրճի հրավիրեց, այնտեղ հեռուստացույցը միացրած էր, ես լսեցի` ինչ է կատարվում այնտեղ, Շահումյանն արդեն դուրս է գալիս, գնում են Գյուլիստան: Վրեժս այստեղ էր, եկա, ասացի` Վրեժ, դրա համար ես անջատել, որ ես չիմանամ, լաց եղա, բայց մեկ է` ինքը գնաց հաջորդ օրը, զենքը ստացած, իրենց ջոկատի տղաներից էլ այստեղ էին, նրանց հետ զենք-զինամթերքով, հագուստով, ամեն ինչով գնացին, որ օգնեն ժողովրդին»,- պատմում է մայրը:
Նա, երբ տեսել է որդու ձեռքի զենքը, հարցրել է` ինչ զենք է, Վրեժն ասել է` ես գնում եմ, մամա, դու չգիտես` ինչ է կատարվում այնտեղ, ես պիտի գնամ, պապիին բերեմ. դիտավորյալ մորական պապի անունն է տվել, որ մերժում չստանա, հայրը որդուն կանգնեցրել է, ասել` եթե գնաս, իմացիր` ես քո հայրը չեմ, նրանք ուրախ են, որ դու գոնե այստեղ ես, մայրն էլ մինչև վերջին պահը, անգամ` վերելակի մոտ, համոզել է` Վրեժ ջան, մի գնա, որդին միայն ասել է. «Ես պիտի գնամ,մամա, դու մի հատ մտածի` Աստված ինչի համար է քեզ երեք տղա տվել` այ էսօրվա համար: Տղաներիցդ մեկն Աստծունն է, մեկը` քոնը, մեկն էլ հայրենիքի համար է», ասել է ու գնացել: Մարտակերտում պապին է հանդիպել, օգնել, բերել Ստեփանակերտ, ծառի տակ նստեցրել ու ասել` պապի ջան, մնա էստեղ, հիմա գալիս եմ, իսկ ինքը գնացել, միացել է «Արաբո» ջոկատին, որովհետև Տեր-Թադևոսյանն ասել էր` իրենց ջոկատում 22 հոգի են, ու Մարտակերտի գրավումը շատ դժվար է, ովքեր ցանկանում են, թող կամովին միանան իրենց, Վրեժը կամովին մտնում է այդ ջոկատ, ինքն ամենափոքրն էր, քսան տարին դեռ չէր լրացել, դեռ երկու ամիս կար, որ քսան տարին պիտի լրանար, շատ տղաներ, որ տեսնում են` Վրեժն այդքան փոքր է ու մտնում է այդ ջոկատ, սկսում են միանալ Արմավիրի, Զեյթունի և Արաբոյի ջոկատներին:
«Ու այդպես անհայտ է մնում տղաների ճակատագիրը, հիմա մենք պայքարում ենք, բայց ոչինչ չենք գտնում, հուսով ենք` որևէ բան կլինի, ամեն անգամ մեր տղաների ծննդյան օրը, կորուստի օրը մայրերով հավաքվում ենք, խոսում, մխիթարվում, զրուցում, որ թեթևանանք: Մյուս տղաներս ընտանիք ունեն, մի որդիս ունի երկու տղա, մի աղջիկ, մյուսը` երկու տղա, որ մեր ապագա զինվորներն են լինելու: Երբ թոռնիկներս ծնվեցին, չթողեցի Վրեժիս անունը դնեն, սպասում էի, որ Վրեժս կգա, բայց երբ չեկավ, երկրորդ թոռնիկս որ ծնվեց, անունը դրեցինք Վրեժ: Եղբայրս որ իր տղային ամուսնացրեց, թոռնիկի անունը դրեց Վրեժ: Իսկ գիտեք` իր անունն ինչու ենք Վրեժ դրել: Երբ երրորդ տղաս ծնվեց, մտածում էի` Ա-ով ինչ-որ անուն պիտի դնենք, դե ավագ որդիներս` Աղասի, Աբել, մտածում էի՝ էլի, Ա-ով անուն, իհարկե` որոշիչն ամուսնուս խոսքն էր, մեկ էլ տեսնեմ` ամուսինս որդուս ծննդականը բերել է, անունը` Վրեժ, ասում եմ` Ազատ, բայց ինչո՞ւ Վրեժ, ինչո՞ւ, ասաց` դու չես հասկանում` ինչի համար, նա իմ հողի համար պիտի պայքարի թուրքի դեմ: Այդպես էլ եղավ, Աստված լսեց: Հուսով եմ` Աստված էլ կբերի իմ որդուն»,- ասաց մայրը:
Տիկին Սամարան նշում է` Վրեժի օրինակը մեր ազգի, Վերիշենի ժողովրդի համար մեծ նշանակություն ունի, Վրեժը մի ուրիշ տեսակ տղա էր: Մայրն ասում է, որ ինքը դպրոց չի գնացել որդու անվանակոչության առթիվ, որովհետև դեռ սպասում է որդուն, քանի որ Աստված հնարավոր չի այդպես իր թևերը կոտրի: Տիկին Սամարան նշում է, որ չէր ուզում երրորդ որդուն ունենալ, ուզում էր աշխատել, բայց երազ է տեսել. «Աստված ինձ ասաց` Սամարա, հետ կանգնի քո խոսքից: Ասաց, կամաց-կամաց դուրս գնաց: Ես ծնեցի Վրեժին` հույս ունենալով, որ ինձ վերջում ինքն է օգնելու, ես հիմա էլ հուսով եմ, որ վերջում ինքը կլինի իմ տերը»:








































