ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան հայտարարել է Bright Star 2018 զորավարժությունների մեկնարկի մասին։ Դրանք տեղի կունենան սեպտեմբերի 8-20-ը, Եգիպտոսում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի զինված ուժերի մամուլի ծառայությունը։
«Զորավարժություններին կմասնակցեն ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերը, ինչպես նաև Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Հորդանանի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Իտալիայի և Ֆրանսիայի հատուկ նշանակության ջոկատները»,-ասվում է հաղորդագրությունում։
Զինվորականները պետք է դիմակայեն ահաբեկչական հարձակումներին, ինչպես նաև տարհանեն բնակչությանը, ականազերծեն տարածքը, պայքարեն ծովում սպառնալիքների դեմ, օդում համատեղ աշխատանքներ կազմակերպեն։ Զորավարժությունները ենթադրում են ինչպես դասախոսություններ, այնպես էլ գործնական աշխատանքներ։








































