«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ով միանում է «Ալյանս» կուսակցությանը և պատրաստվում մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
-Պարոն Ախոյան, մամուլը գրում է, որ Դուք և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նոր կուսակցություն են հիմնում։ Ինչո՞ւ որոշեցիք նոր կուսակցություն հիմնել։
-Նոր կուսակցություն բացելու կարիք չկա, որովհետև կա «Ալյանս» կուսակցությունը, որը բացել է Տիգրան Ուրիխանյանը, և մենք պատրաստվում ենք միասին մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Իսկ թե էլ ով կմիանա, էլ ով մեզ հետ հնարավոր համագործակցության ձեռք կմեկնի կամ հակառակը, դա արդեն հետագան ցույց կտա, որովհետև ունենք բազմաթիվ առաջարկներ։
-Տիգրան Ուրիխանյա՞նն առաջարկեց Ձեզ միանալ «Ալյանսին»։
-Գիտեք, մենք միշտ ջերմ հարաբերություններ ենք ունեցել և բազմիցս ամենանեղ պահերին միասին ունեցել ենք ընդհանուր կարծիք, և իրականում ունենք ջերմ հարաբերություններ։ Այնպես որ, մի քանի անգամ հանդիպեցինք, քննարկեցինք, բավականին երկար ժամանակ մտածեցինք, պայմանավորվելով որոշակի հարցերի շուրջ՝ կարողացանք ունենալ նման որոշում։ Հիմա ձևավորվում է թիմը, կհզորացնենք, մեր կառույցները կմիացնենք, բավականին նոր դրույթներ կընդգրկենք, որոնք, կարծում եմ, նորություն կլինեն մեր հասարակությանը և կփորձենք մեր ազգի մատից փուշ հանել։
-Դուք նշում եք, որ ջերմ հարաբերություններ ունեք Ուրիխանյանի հետ, բայց խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ին միացաք, նրանց ցուցակում ընդգրկվեցիք։ Ինչպե՞ս է ստացվում, որ Ձեր գաղափարները և՛ ՀՀԿ-ի հետ է համընկնում, և՛ «Ալյանսի»։
-Գաղափարները ՀՀԿ-ի հետ պարտադիր չէր համընկներ, բայց մենք գիտենք, որ Սահմանադրության փոփոխությունից հետո խորհրդարան գնալու միակ ճանապարհը որևէ կուսակցության ռեյտինգային ցուցակում լինելն է։ Այդ ժամանակ առաջարկ ստացա ՀՀԿ-ից, քանի որ ես կոնկրետ զբաղված եմ արտաքին հարաբերություններով, կոնկրետ թշնամական պետությունների ներսում ծրագրեր իրականացնելով, բնականաբար, իմ՝ խորհրդարանում լինելը, կարծում եմ, որ պիտանի էր մեր ազգին, դրա համար էլ ընտրվեց այդ ռեյտինգային ցուցակը։ Ես երբեք ՀՀԿ-ի մեջ ո՛չ եղել եմ, ո՛չ էլ կլինեմ։
-Այսինքն՝ Ձեր գաղափարները «Ալյանսի» գաղափարների հե՞տ համընկան։
-Մենք դեռ վերափոխումների փուլում ենք, որոշակի առաջարկներ ունենք դավափոխ հայերի ուղղությամբ, Արևմտյան Հայաստանի ուղղությամբ, տարբեր մշակութային ծրագրերի շուրջ։ Այնպես որ, այս բոլորն ամփոփելուց հետո նոր մենք կկարողանանք խոսել դրա մասին։ Զուտ մարդկային գործոնը անփոխարինելի է ինձ համար, և անփոխարինելի, քանի որ Տիգրան Ուրիխանյանի հետ ունեմ շատ ջերմ անձնական հարաբերություններ, և, բնականաբար, կա համոզմունք, որ մենք միասին ճանապարհ գնալուց քաղաքական հայացքների շուրջ ոչ մի տարաձայնություն չենք ունենալու։
-Ի՞նչ արտաքին և ներքին թիրախներ ենք ունենալու։
-Կոնկրետ իմ թիրախը Թուրքիան է, և ես փորձելու եմ, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, հատկապես Ցեղասպանության ճանաչման խնդիրը շատ զգայուն թեմա է, փորձելու ենք կոնկրետ զբաղվել մեր առաջարկած բաղադրատոմսով Արևմտյան Հայաստանում այսօր բոլոր հնարավոր հայաօգուտ աշխատանքներին, որոնք, կարծում եմ, ազգապահպան գործունեությանն են նպաստելու։ Մենք լինելու ենք կառուցողական գործիչներ և նպաստելու ենք, որ քաղաքական կերպար ձևավորվի հանրապետությունում, և որպեսզի թշնամական բոլոր պրոցեսներն այլևս չլինեն։ Այնպես որ, մեր դիրքորոշումն այն է, որ լինենք կառուցողական քաղաքական ուժ, որտեղ ծանր բեռ լինի, այնտեղ պատրաստ ենք մեր ձեռքը վերցնել։
-Իսկ Դուք ընդդիմադիր ո՞ւժ եք լինելու։
–—Ո՛չ են, ո՛չ էլ են։ Ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացի եմ, ով ուշի ուշով հետևում է քաղաքական պրոցեսներին, իհարկե, բոլորս էլ կողմ ենք բարեփոխումներին, ինչ-որ լուրջ բան է տեղի ունեցել Հայաստանում, նոր հնարավոր հիմքեր կարելի է դնել կառուցողական՝ ուրիշների սխալները թույլ չտալով, նոր մտածելակերպով փորձենք կառուցել այն Հայաստանը, որը մեզ պետք է։ Կոնկրետ ես ո՛չ ընդդիմադիր եմ, ո՛չ էլ իշխանություն:
-Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը նույնպես մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Արդյո՞ք պատկերացնում եք նրա հետ համագործակցություն, թե՞ ոչ։
-Ոչ։ Մենք պատկերացնում ենք միայն մեզ հետ, այսինքն՝ մենք չենք պատրաստվում որևէ մեկի շուրջ հավաքվել։
-Եթե Քոչարյանը որոշի Ձեզ միանա՞լ։
-(Ծիծաղում է) Չեմ պատկերացնում։





































