Երբ մեկ տարի առաջ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում Եվրամիության չինովնիկների հետ հանդիպումներում հավաստիացնում էր, որ Հայաստանը հավատարիմ է եվրաինտեգրացիայի ուղուն, և այդ ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքներից մեկն է, Եվրոպայի պաշտոնյաները երևի թե լսում էին նրան ու մտածում՝ «դե, եթե Հայաստանը հավատարիմ է, և այդ ուղին առանցքներից մեկն է, ապա ինչ գործ ունեք դուք այստեղ»:
Եվրաինտեգրացիայի ուղով հաստատուն և հետևողական ընթացող երկրում Հովիկ Աբրահամյանը չէր կարող լինել ԱԺ նախագահ, առավել ևս` հայտարարելով, որ քաղաքականության մեջ լինելու համար իրեն խելք պետք չէ: Եվրաինտեգրացիայի ուղով գնացող պետությունում շատ բան այնպես չէր լինի, ինչպես այսօր Հայաստանում է: Ուստի պետք է փաստել, որ այն ինչ տեղի ունեցավ 2013թ. սեպտեմբերին չափազանց օրինաչափ էր և համարժեք այն իրավիճակին, որում ապրում է Հայաստանը:
Հայաստանում արդեն վաղուց եվրաինտեգրացիայի միայն անունը կա, իսկ ամանում Հովիկ Աբրահամյանն է և նրա գլխավորած օլիգարխիական պառլամենտը, որտեղ պատգամավորները կարող են լրագրողներին սպառնալ կոտրել նրանց ծնոտը, բայց չենթարկվել որևէ պատասխանատվության:
Միևնույն ժամանակ` այս ամենը պետք է որ վիրավորական լինի հենց այն մարդկանց համար, ում աչքներին Հովիկ Աբրահամյանը թոզ էր փչում՝ հավաստիացնելով, թե Հայաստանը եվրոպականանում է:
Հետաքրքիր է` արդյոք ի՞նչ էին զգում եվրոպացի չինովնիկները այդ ամենը լսելիս: Նրանք լավ պատկերացնում էին իրականությունը, նրանք գիտեին` ինչն ինչոց է, և այնպես չէր, որ բացահայտ խաբվում էին կամ մոլորեցվում: Բայց նրանց չէ՞ր հոգնեցրել արդյոք Հայաստանի իշխանության տարատեսակ ներկայացուցիչների համար, այսպես ասած, «թարմ ականջ» լինելը: Վերջին հաշվով` չէի՞ն հասկանում արդյոք այդ պաշտոնյաները, որ հայտնվելով այդ կարգավիճակում, թեկուզ չտրվելով, իհարկե, երևակայական խոստումներին ու հավաստիացումներին` իրենք ըստ էության «արջի ծառայություն» էին մատուցում Հայաստանի նույն այդ «օդիոզ» պաշտոնյաներին` Հայաստանի քաղաքացիների դեմ նրանց պայքարում:
Վերջապես պե՞տք է ինչ-որ պահի դրսևորվեր Եվրոպայի ներկայացուցիչների արժանապատվության զգացումը, եվրոպական արժեքների, սկզբունքների պատվախնդիր առկայությունը:
Լավ, Հայաստանի պաշտոնյաները ստիպված էին դերասանություն անել, դա նրանց համար նորություն չէր՝ սովորություն էր, կենսակերպ, բայց մի՞թե Եվրոպայի պաշտոնյաները չէին հասկանում, որ իրենք էլ են տրվում, միանում այդ դերասանությանը և այդպիսով մասնակցում Հայաստանի ազնիվ, իսկապես եվրաարժեքներին նվիրված և դրանց համար պայքարող քաղաքացիների առաջ խաղացող թատրոնին: Դրա տարբեր արարներում` Բրյուսելում, Ստրասբուրգում կամ այլուր, ընդունում էին Հայաստանի տարբեր դեմքերի` լավ իմանալով, որ այդ դեմքերն իրականում ոչ թե եվրաինտեգրացիայի հետևորդ են, այլ այդ գործընթացի կենդանի պատնեշ: Ընդունում էին, խաղում նրանց հետ, նրանց կանոններով` թերևս չմտածելով կամ մինչև վերջ չպատկերացնելով, որ այդ խաղի արդյունքում, ինչքան էլ որ իրենց զգան դատավոր, միևնույն է` պարտվողը լինում է Հայաստանի հասարակությունը:
Դա է պատճառը, որ Հովիկ Աբրահամյանը այդ բոլորից հետո ոչ միայն թոշակի չգնաց, այլ շարունկեց գնալ Բրյուսել՝ ԱԺ նախագահի կարգավիճակով:









































