Այս օրերին Մինսկում է գտնվում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցչական պատվիրակությունը՝ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջեմեդին Սադիկովի գլխավորությամբ։ Ադրբեջանի ու Բելառուսի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա. Ադրբեջանը, ըստ ամենայնի, բելառուսական սպառազինության ամենավստահելի գնորդն է, որն իր ֆինանսական հուսալիությամբ զգալիորեն գերազանցում է աֆրիկական երկրներին։ Նույնիսկ համեմատաբար կայուն վիճակում գտնվող Սուդանը, որը սերտորեն համագործակցում է Բելառուսի ռազմարդյունաբերական համալիրի հետ, վերջինիս հետ ունեցել է ֆինանսական խնդիրներ։
Միայն բաց աղբյուրներից հայտնի է, որ 2002-12թթ.-ների ընթացքում Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել 500 միլիոն ամերիկյան դոլարը գերազանցող սպառազինություն, այդ թվում՝ 153 Т-72 տանկ, 120 Д-30 հրանոթային համակարգ, 60 միավոր БТР-70, 11 Су-25։ Полонез հրթիռային համակարգի մատակարարումն Ադրբեջան բելառուսա-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության որակական նոր մակարդակի դրսևորումը դարձավ։ Ի դեպ, երեկ «Ռազմինֆո» կայքը տեղեկացրել է, որ Բաքուն, ըստ ամենայնի, օրերս Մինսկից ձեռք է բերել Полонез-ի նոր խմբաքանակ։
Ու սա այն դեպքում, երբ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ու գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջ մի քանի անգամ բարձրացրել են Ադրբեջան մատակարարվող սպառազինությունների հարցը՝ բաց տեքստով ակնարկելով, որ Մինսկի քաղաքականությունը չի բխում Երևանի հանդեպ նրա ունեցած դաշնակցային հարաբերություններից։
Լուկաշենկոն մնում է անհաղորդ ու չի էլ թաքցնում, որ իր քաղաքականության հիմքում ֆինանսական գործոնն է. Ադրբեջանը կարողանում է առատաձեռն վճարել, ինչի շնորհիվ ձեռք է բերում ոչ միայն բելառուսական սպառազինություն, այլ նաև այդ երկրի ու Ղազախստանի միջոցով բացահայտ հակահայկական քաղաքականություն է վարում ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում։ Տևական ժամանակ հենց Մինսկն ու Աստանան էին արգելափակում Հայաստանի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու որոշումը։ Նույնքան կանխատեսելի է, որ այդ պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո Հայաստանին հազիվ թե հաջողվի իր նոր ներկայացուցչին նշանակել գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ թեև այն քվոտայով Հայաստանին է պատկանում մինչև 2020-ի հունվարի 1-ը։ Եթե անցած տարի Ռուսաստանը ի վերջո միջամտեց գործընթացին՝ Խաչատուրովին դարձնելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ապա հիմա Մոսկվան, ամենայն հավանականությամբ, լինելու է հակահայկական կամպանիայի առաջին դիրքերում, ինչի վկայությունն է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կտրուկ հայտարարությունը այն բանից հետո, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։
Սակայն Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունների թեման ունի ավելի խորքային հետևանք։ Այն դժվար է բացառապես կոմերցիոն համարելը, եթե նկատի ունենանք, որ Բելառուսը, ինչպես նաև Ռուսաստանը, որը Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարն է, Հայաստանի ֆորմալ դաշնակիցներն են եվրասիական ինտեգրացիոն նախագծերում, Ռուսաստանը՝ նաև երկկողմ իրավապայմանագրային հիմքով։ Եթե Հայաստանի դաշնակիցները սպառազինում են նրա թշնամի Ադրբեջանին, ապա դա դուրս է գալիս սովորական կոմերցիայի շրջանակներից՝ ձեռք բերելով արտահայտված քաղաքական ենթատեքստ։ Դա քաղաքական ուղերձ է Բաքվին, որ առնվազն Հայաստանի թիկունքում չկան դաշնակիցներ, այլ խոսքով՝ սպառազինության հետ միասին Բաքուն ստանում է պատերազմ սանձազերծելու անուղղակի քարտ-բլանշ։
Եթե Նիկոլ Փաշինյանին չհաջողվի կարճ ժամկետում շտկել իրավիճակը, ապա Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորալ ուղղությունը չփոխելու մասին հայտարարությունները կորցնում են իրենց քաղաքական նշանակությունը։ Ի վերջո, այդ հայտարարություններն Արևմուտքում որոշակիորեն նսեմացնում են հայկական հեղափոխության քաղաքական նշանակությունը, ինչի մասին ամիսներ առաջ բացահայտ ակնարկեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
Ժամանակն է, որպեսզի Փաշինյանը ՀԱՊԿ մեր գործընկերներին ուղիղ տեքստով հասկացնի, որ Հայաստանի արտաքին քաղաքական հավատարմությունը որոշակի գին ունի, որն առաջին հերթին վերաբերում է դաշնակից երկրների ու Ադրբեջանի հարաբերությունների խմբագրումներին։











































