ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը: Վճռի հիմքում դրված է այն, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:
«Այս որոշումը բեկում է առաջացրել, տեղի է ունեցել շատ վտանգավոր իրադարձություն», – «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ տեղի է ունեցել լուրջ հետհեղափոխական զարգացում, որը հակահեղափոխության ծաղկման սկիզբն է. հակահեղափոխությունն ամբողջ թափով սկիզբ է առնում:
«Թյուրըմբռնում կա, կարծում ենք, թե հակահեղափոխությունը լինելու է Ս. Սարգսյանի, Է. Շարմազանովի կամ Ա. Աշոտյանի դեմքով, նման բան չի լինելու. բոլորովին նոր ուժեր կարող են ի հայտ գալ, որոնց ներկայության պայմաններում Ռ. Քոչարյանը կարող է իրեն շատ լավ զգալ»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Ռ. Քոչարյանն այս պահին այնպիսի տրամադրվածություն ունի, որ պիտի հաղթի, պիտի գլխավորի, պիտի զավթի իշխանությունը, և Հայաստանում պետք է հաստատվի դիկտատուրա:
Քաղաքագետի գնահատմամբ՝ ամենավտանգավոր մարդու ձերբակալությունը մեծ հույսեր էր արթնացրել, իսկ այժ շատ վտանգավոր իրավիճակ է: «Վերքննիչ դատարանը հանցանք է կատարել նման քայլ անելով. սրանով կա՛մ սպասարկում են օտար շահեր, կա՛մ նպաստում են քաղաքական հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիային և լրջագույն հարված հասցնում հեղափոխությանն ու իշխանափոխությանը»:
«Այնքան թաղվեցինք թավիշի, սիրո և հանդուրժողականության մեջ, որ հանդուրժում ենք նրանց, ովքեր ուզում են մեզ «կախել»: Այդ վտանգը շատ լուրջ է: «Դուխովը» պետք է գլխարկներից փոխանցվի դուխով գործողությունների»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ ներկայիս իշխանությունը չպետք է ռոմանտիզմով տառապի:
«ԱԱԾ-ն պետք է այս գիշեր ձերբակալի Ս. Սարգսյանին և Ռ. Քոչարյանին: Իշխանությունը պետք է կոշտ վերաբերմունք ցուցաբերի,- ընդգծեց Հայկ Մարտիրոսյանը: – Պետք է պայքարել հեղափոխությունը շարունակելու, հակահեղափոխությունը մեկուսացնելու համար: Դատավորներին պետք է հեղափոխության ուժով ցրել»:
Քաղաքագետի կարծիքով՝ օգոստոսի 17-ի հանրահավաքին պետք է ցրել խորհրդարանը:
Մանրամասն՝ տեսանյությում:







































