«Հակահեղափոխության գործելու հնարավորության ասպարեզ տեսնում եմ, բայց նրա հաջողելու հնարավորություն առայժմ չեմ տեսնում: Ռևանշի հասնելու շանսը գրեթե զրոյական է, քանի որ հակահեղափոխության առջև կանգնած է ժողովրդի վիթխարի պատը: Հակահեղափոխությունը ժողովրդի բետոնե պատը չի կարող ճեղքել, անցնել: Կարծում եմ՝ օգոստոսի 17-ի հանրահավաքը հրավիրված է ստրատեգիական և տակտիկական նպատակներով և ճիշտ հաշվարկված քայլ է: Դա, ի թիվս այլ ուղերձների, նաև թե՛ դրսում, թե՛ ներսում ոմանց նախազգուշացնում է՝ նստե՛ք տեղներդ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը՝ հավելելով, որ պատմության ընթացքում մեր բոլոր պարտությունների հենարանը ներսում է եղել, և հիմա էլ այդ խավը կա:
Մեր զրուցակցի կարծիքով՝ երկրորդ նախագահի կալանավորման հետ կապված աժիոտաժը ավելի շատ կապված է ոչ այնքան Քոչարյանի, որքան նախկին իշխանավորների վերջին հույսերը կորցնելու հետ: Բանաստեղծն ընդգծեց, որ վերջին 20 տարվա իրադարձությունների մեջ ամենազարհուրելի ոչ թե Հոկտեմբերի 27-ն էր և Մարտի 1-ը, այլ այն, որ մեր ժողովուրդի կատեգորիան փոխվեց: «Մեր ժողովուրդը բարոյալքվեց, հուսահատվեց, դարձավ ոչնչապաշտ: Այդպիսի վիճակի մեջ կարող է հայտնվել ցանկացած ժողովուրդ, եթե ունենա նման իշխանություն… Ժողովուրդը վարժվել էր այլանդակությանը, կեղծիքին: Բայց մեր ժողովուրդը աստվածային բնազդ ունի, թույլ չի տալիս իր հոգու լարի հետ խաղալ: Մայիսին մեր ժողովրդի հոգու լարը զնգաց: Ժողովուրդը վճիռ է կայացրել, իր կամքն է թելադրել, որի վրայից ոչ ոք չի կարող ցատկել, եթե անգամ որոշ ստահակներ ազատության մեջ զվռնեն»,- նշեց Հակոբ Մովսեսը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































