ԱՄՆ վարչակազմը կկատարի օրենքը, որի համաձայն՝ Ռուսաստանի դեմ «Սկրիպալների գործի» պատճառով պատժամիջոցներ պետք է սահմանվեն։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը։ Նա չի հստակեցրել՝ արդյոք պե՞տք է սպասել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ալիքի։
«Ինչպես գիտեք՝ մենք չենք ազդարարում պատժամիջոցները։ Մենք կատարում ենք օրենքը և պատժամիջոցների մասին միայն երեկ ենք հայտարարել, իհարկե, մենք կկատարենք օրենքը»,-ասել է նա։
Նաուերթի խոսքով՝ պատժամիջոցները միջոցներից մեկն է, որոնց շնորհիվ ԱՄՆ-ն կարող է նպաստել Ռուսաստանի «վարքագծի բարելավմանը»։
Օգոստոսի 8-ին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշում է կայացվել՝ Մեծ Բրիտանիայում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձի ժամանակ քիմիական զենք կիրառելու համար։







































