Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ նոր պատժամիջոցների կիրառման մասին տեղեկատվությունը փլուզել է ռուսական ռուբլու փոխարժեքը: Ընդ որում, շատ փորձագետներ դա դեռ սկիզբն են համարում, քանի որ պատժամիջոցների արդեն առարկայական սահմանումն ու կիրառումը կարող են բերել ավելի անկման: Անկասկած է, որ դա խնդիրներով է «հարուստ» նաև Հայաստանի համար, որի մեծ կախվածությունը ռուսական տնտեսությունից ստացվող մասնավոր տրանսֆերտներից դեռևս պահպանվում է:
Միաժամանակ բավականին տագնապալի է վիճակը Հայաստանի տնտեսության համար կարևոր մեկ այլ՝ իրանական ուղղությամբ: Այստեղ էլ ամերիկյան պատժամիջոցները բերել են տնտեսական փլուզման, և թեև Իրանի հետ տնտեսական կապը այնքան չէ, որ Հայաստանի համար ունենա վճռորոշ նշանակություն, այդուհանդերձ, Հայաստանի տնտեսական խնդիրները հաշվի առնելով, ակնառու է դառնում, որ անգամ այդ ոչ վճռորոշ ծավալը կառաջացնի շոշափելի խնդիրներ ու կթողնի նկատելի ազդեցություն, օրինակ՝ առնվազն իրանցի զբոսաշրջիկների մասով, ինչը Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի համար ունի էական նշանակություն:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել տնտեսական աշխուժության ցուցանիշի մասով, որը նկատելիորեն բարձր է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանի համար ապրիլ-մայիս ամիսները ըստ էության «կախված» ամիսներ էին: Ներդրումային, տնտեսական սպասումները ներկայումս էլ իհարկե դիտարկման ռեժիմում են, ինչը պայմանավորված է ընտրական պրոցեսով:
Միևնույն ժամանակ ակնառու է, որ Ռուսաստանում և միջավայրային այլ գոտիներում, այդ թվում՝ Իրանում, ռիսկերը անուղղակի ռիսկ են դիտարկվելու նաև Հայաստանի համար: Այս պայմաններում առավել հրատապ ու կենսական է դառնում տնտեսական քաղաքականության բեկումնային ընթացք ապահովելը և Հայաստանը, այսպես ասած, հարակից ռիսկերից ունեցած կախվածությունից նվազեցնելը: Խոսքը անմիջական տնտեսական արդյունքից կախվածության մասին չէ, քանի որ այդ առումով մենք հազիվ թե առաջիկա տարիներին կարողանանք էականորեն փոխել Ռուսաստանի դերի հաշվեկշիռը: Խոսքը ներդրումային գրավչության առումով այդ հարակից ռիսկերից կախվածությունը թուլացնելու մասին է: Թավշյա հեղափոխությունն ու ժողովրդական նոր՝ լեգիտիմ իշխանության ձևավորումն այդ ուղղությամբ անշուշտ ահռելի քայլ էր:
Մյուս կողմից, սակայն, դա կարևոր, սակայն ոչ ամբողջապես բավարար քայլ է: Այդ տեսանկյունից շատ էական է դառնում, թե նոր կառավարությունն ինչքանով առարկայական ազդակներ կտա ներդրողներին Հայաստանի, այսպես ասած, ներքին պոտենցիալի ՕԳԳ-ի բարձրացման մասով: Այդ առումով իհարկե հատկանշական են կոռուպցիայի դեմ պայքարը և իրավական այլ գործընթացներ, որոնք առնչվում են Հայաստանում իշխանական դիրքը չարաշահելու միջոցով ապօրինի հարստացածներին կամ պարզապես հանրությունից ու պետությունից խլված փողը հետ բերելուն:
Եվ այստեղ ակնառու է մի բան, թեև մի կողմից՝ գուցե պարադոքսալ, որ իրավական այդ գործընթացները ունեն ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական անխուսափելի տողատակ: Եվ խնդիրը բոլորովին այն չէ, որ այդ հետ բերվող փողով հնարավոր է լուծել բոլոր խնդիրները: Որևէ մեկն այդքան միամիտ չէ, որովհետև գործընթացը ենթադրելու է բավական մեծ ժամանակահատված՝ շոշափելի ծավալի «հետդարձ» կամ «վերադարձ» ապահովելու համար:
Տվյալ դեպքում խնդիրն այն է, որ կախված այն բանից, թե հանրությունից խլված փողը ինչ դինամիկայով ու էֆեկտիվությամբ հետ կգա հանրությանն ու պետությանը, կձևավորվի նաև Հայաստանի ներդրումային հնարավորինս «ինքնաբավ» իմիջն ու վարկը: Իսկ արտաքին տնտեսական ռիսկային միջավայրում դա ներդրումային գրավչության և կանխատեսելիության չափազանց կարևոր բաղադրիչ է:









































