Կարծիք կա, որ Հայաստանի հասարակությունը վերջին օրերին ռուսական քարոզչության հարձակումների տակ է: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում գնահատելով ստեղծված իրավիճակը՝ վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, ստանձնելով երկրի կառավարումը, պատասխանատվություն են վերցրել այսպիսի և ավելի խոշոր մարտահրավերներին պատասխան տալու: Հանրային աջակցությունը չի նվազում, ռուսական միջամտությունն էլ ավելի համախմբեց հանրությանը»:
Վերլուծաբանի դիտարկմամբ՝ այս հայտարարությունների, հրապարակումների հետևում հնարավոր է կանգնած լինեն ռուսաստանաբնակ հայ օլիգարխներ, որոնք կապեր ունեին Հայաստանի նախկին իշխանության հետ: «Ինձ հասած ոչ պաշտոնական տվյալներով՝ հազարների են հասնում տարբեր տեսակի վճարված հակահայաստանյան ելույթները, հրապարակումները մամուլում՝ այսպես կոչված փորձագիտական կարծիքների տեսքով: Ես մտածում եմ, որ այդ ալիքը չի կանգնել: Դա կրակի հետ խաղալ է, որովհետև հայ-ռուսական հարաբերություններն այնքան բարդ են և այնքան նուրբ, որ որևէ քաղաքական ուժ, որն ուզում է դրա միջոցով ներքին դիվիդենտներ ստանալ, դատապարտված է կարմիր գծից այն կողմ մնալու:
Ռուսներին հրահրողները՝ գնալ Հայաստանի հետ հակամարտության, այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունը և հանրությունը հակված չէ հակամարտության գնալ, նեղ դասակարգային մտածելակերպից դուրս գալու ոչ ունակ, արկածախնդիր և հայրենիքից շատ հեռու կանգնած մարդիկ կարող են լինել: Այդ շրջանակները կարող են քաղաքական պայքար վարել Փաշինյանի դեմ, հավակնություններ ունենալ, դա նորմալ է, բայց «դրսից տղա բերելու» քաղաքականությանը մեկընդմիշտ պետք է վերջ տալ:
ՌԴ-ում կա ծագումով հայերի օլիգարխիկ խմբավորում, որի հավակնությունները հաճախ չեն համընկել նաև նախկին իշխանության հավակնություններին, եղել են սրված իրավիճակներ: Իմ տվյալներով՝ այդ սրացումների ժամանակ քաղաքական գրծիչների և փորձագետների ներգրավման համար ֆինանսական ծախսերի առյուծի բաժինը հենց այդ խմբավորումն է իրականացրել:
Նրանց նպատակը Ռուսաստանի միջոցով Հայաստանում իշխանության գալն է. ուրիշ երկրի սվինների վրա գալ և տիրել մեր երկրին: Շատ վտանգավոր միտում եմ տեսնում: Նրանց համար Հայաստանն ընդամենը մի գրասենյակ է կամ ավազակային որջ: Այդ խմբավորումը խնդիրներ է ստեղծելու նաև ՌԴ-ի համար, որովհետև նրանց հավակնությունները անհամատեղելի է հայ-ռուսական հարաբերությունների հետ»,- նշեց վերլուծաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում:












































