«Պետք է լինի երկրի մոդեռնիզացիայի ծրագիր՝ հենված ռազմարդյունաբերության վրա: Մենք ունենք 18 000 բարձր տեխնոլոգիական մասնագետ, որոնցից ընդամենը 100-ն է, որ աշխատում է զենքի վրա. դա խայտառակություն է: Մեր պոտենցիալը բարձր տեխնոլոգիական ոլորտում շատ մեծ է»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Ապրիլյան պատերազմը և ընդհանուր զարգացումը ցույց է տալիս, որ պատերազմը գնում է էլ ավելի բարձր տեխնոլոգիական զենքի կիրառման: Իսկ բանակը միշտ ցանկացած երկրում կռվում է իր նախորդ պատերազմում. եթե հրետանիով է կռվել, գեներալներին չես կարող համոզել, որ թռչող սարք է պետք:
Մտածողությունը բանակում պետք է փոխվի: Զինվորը խրամատում կարող է ավելի իմաստալից կանգնել, եթե սահմանը հագեցած լինի բարձր տեխնոլոգիաներով, կրակիչներով: Զինվորը 3-5 կմ այն կողմ կարող է անցնել լեռնահրաձիգի պատրաստություն և պատրաստ լինի ահազանգի դեպքում գալ սահման և անհրաժեշտության դեպքում հարձակվել կամ հակահարձակվել: Դա շատ արագ պետք է անել, եթե մենք ուզում ենք որպես երկիր մնալ»,- նշեց Կ. Վարդանյանը:
Նա նաև ընդգծեց, որ երկիրը պետք է ունենա էլիտա: Մեզ հետ զրույցում ԻՏՁՄ գործադիր տնօրենն անդրադարձավ նաև բիզնեսին խոչընդոտող մի շարք խնդիրների:
Կ. Վարդանյանի խոսքով՝ նոր իշխանությունների առջև այնքան մարտահրավերներ կան, որ քիթ սրբելու ժամանակ չունեն: Իսկ ՀՀ երկու վերջին նախագահները, նրա դիտարկմամբ՝ փողի վրա նստած էին:
«Օլիգարխների մեծ մասը ծառայել է դրսի ուժերին: Քոչարյանի գործը հատուկ ծառայության դեպք է, նա ծառայել է ՌԴ հատուկ ծառայություններին, այդ պատճառով Մարտի 1-ի գործը մեծ աղմուկ է բարձրացրել: Ես չեմ կարծում, որ սա Ռ. Քոչարյանի ամենամեծ հանցագործությունն է, կարծում եմ ՀՀ երեք նախագահներն էլ արել են շատ ավելի մեծ հանցագործություն, երբ որ երկիրը մասնատել են»,- ընդգծեց Վարդանյանը:
Նա նաև հավելեց, որ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործով պետք է հետաքննել նաև դրսի ազդեցությունը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































