«Սա համահայկական մեծ ծրագիր է, որին աջակցելու են նաև սփյուռքահայ շատ ներդրողներ․ իրականացվող բոլոր նախագծերը լինելու են Հայաստանում, այս պահին նույնը Արցախում անելու մասին դեռ չենք մտածել, միայն ՀՀ-ի շրջանակներում է դեռ լինելու և իրականացվող պրոյեկտները մեծամասամբ լինելու են Երևանից դուրս և ներդրվելիք ամբողջ գումարը գալու է դրսից։ Նախատեսում ենք անել հետևյալը՝ վերցնելու ենք մեծ հողամաս և այնտեղ ստեղծելու ենք թաղամաս։ Թաղամասի սահմաններից ներս մենք ստեղծում ենք ամեն ինչ՝ գործարաններ, բնակավայր, արտադրամասեր, խանութներ, ինչու ոչ` նաև առևտրական կետեր և այլն։
Այդ թաղամասում ամեն ինչը կատարվելու է ներդրումների միջոցով և սփյուռքահայը, ով գալիս է այստեղ ապրելու, պետք է լավ ապրի, նորմալ կյանքի պայմաններ ապահովվի։ Ներդնողն էլ իր հերթին պետք է շահույթ ստանա իր կատարած ներդրումների դիմաց։ Ամեն ինչ այդ թաղամասում նախագծվում է այսօրվանից սկսած։ Մենք ստեղծում ենք հասարակական թաղամասեր, փոքր քաղաքներ, ավաններ։ Մեր նախագիծը երկարաժամկետ է այս առումով՝ առաջիկա 10-20 տարվա համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց «Build Armenia» կամ հայերեն ասած՝ «Կառուցիր Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր Սևակ Արծրունին՝ անդրադառնալով այս նախագծի շրջանակներում իրականացվող ծրագրերին։
Նշենք, որ սկզբնական փուլում ծրագրի իրականացման համար նախատեսվում է ներդնել 100 միլիոն դոլար։ Ծրագրի համահիմնադիրներից է նաև շվեցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը։
Սևակ Արծրունու խոսքով՝ իրենք այս պահին ունեն մեկ մեծ նախագիծ և մի քանի փոքր նախագծեր, որոնք հունվար- փետրվար ամիսներին Փարիզում ներկայացնելու են ներդրողների ուշադրությանը։ Նախագծերի արժեքը հետագայում 100 մլն դոլարից ավել է լինելու։
Մանրամասները՝ տեսանյութում։











































