Ռոբերտ Քոչարյանի կալանավորման թեմայով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը մեկ շաբաթվա ընթացքում հանդես է եկել երկրորդ հայտարարությամբ՝ դարձյալ զորակացություն հայտնելով երկրորդ նախագահին։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն որևէ անպատեհություն չի տեսնում, որ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները միանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին։ «Մարտի 1-ի, 2-ի գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ՝ օբյեկտիվ, անաչառ և համակողմանի քննությամբ, այդ իրադարձություններին առնչված անխտիր բոլոր կողմերի ներգրավմամբ և ոչ թե միայն մի կողմի։ Այս առումով Ռոբերտ Քոչարյանի և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրված մեղադրանքները և ընտրված խափանման միջոցները թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն։ Եվ սա մտահոգիչ է»,-ասված է ՀՅԴ տարածած հաղորդագրության մեջ։
Առնվազն տարակուսելի է, որ քաղաքական հետապնդումների և ընտրովի արդարադատության մասին բարձրաձայնող քաղաքական ուժը շարունակում է մաս կազմել կառավարող կոալիցիային։ Անկեղծ ասած՝ տարակուսելի է նաև, որ Նիկոլ Փաշինյանն է հանդուրժում, որ իր կառավարությանը մաս կազմող կուսակցությունն ակտիվ հանդես գա հակահեղափոխության դիրքերից՝ կասկածի տակ դնելով կառավարության անաչառությունն ու օբյեկտիվությունը։
Սակայն ՀՅԴ հայտարարության ուշագրավ ուղերձը, տողատակն այն է, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն նաև Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը։ Եթե ՀՅԴ տեքստում միտումն ակնհայտ է՝ առանց անհատական թիրախավորման, ապա այսօրվա ասուլիսում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը խոսել է ավելի բաց տեսքստով։ Վերջինս զարգացրել է ՀՅԴ «ընտրողականության» թեզը և ասել է․ «Բա գործի մյուս մասնակիցները ինչի՞ նստած չեն, կալանավորված չեն, էդ ներքաշողները, ովքեր ներքաշում էին բանակը քաղաքականության մեջ, որոնց անունները հայտնի են, տեսագրություններ էլ կան, և նրանցից մեկը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Էդ ինքը շրջապատ չունի՞, որ ազդի իր շրջապատի վրա, ի՞նչ ընտրողականություն է»։
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հարաշալի հասկանում են, որ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքները հիմնավոր են, իրավական տեսանկյունից՝ անխոցելի ու փորձում են մանիպուլյատիվ հնարքներով ապակողնորոշել հասարակությանը՝ սլաքներն ուղղելով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմը, կեղծ պատրանք ստեղծելով, թե իբր առաջին և երկրորդ նախագահները հավասար պատասխանատվություն են կրում Մարտի 1-ի համար։ Պարզ մանիպուլյացիա է, անհեթեթ, մտացածին վարկածների տարափի տակ հիմնական վարկածը կորցնելու ակնհայտ միտում։ Նույն կերպ Քոչարյանն ու նրա շրջապատը վարվեցին Հոկտեմբերի 27-ից հետո, հիմա պատկերը կրկնվում է՝ ագրեսիվ ու մանիպուլյատիվ հակաքարոզչություն։
Նախ՝ հարկ է արձանագրել, որ Տեր-Պետրոսյանի տասնյակ կողմնակիցներ արդեն մտացածին հոդվածներով կալանավորվել են Մարտի 1-ի գործով ու դա եղել է հայկական արդարադատության ամոթալի էջերից մեկը․ դատարաններում մեկը մյուսի հետևից փլուզվում էր մեղադրանքը, այդպես էլ չհիմնավորվեց, որ առաջին նախագահի որևէ կողմնակից կապ ունի տաս զոհերից որևէ մեկի սպանության հետ։ Ավելորդ չենք համարում նշել, որ քաղաքական վենդետա իրականացրել է հենց Ռոբերտ Քոչարյանն՝ 2008-ի փետրվար-մարտ ամիսներին անձամբ տալով առաջին նախագահի կողմնակիցներին կալանավորելու հրահանգներ։
Երկրորդը՝ եթե Տեր-Պետրոսյանը սահմանադրական կարգը՝ նույնիսկ ոչ թե տապալելու, այլ շրջանցելու նպատակ ունենար, ապա Ազատության հարպարակում՝ մի քանի տասնյակ հազար մարդու աջակցությամբ, իրեն կհռչակեր երկրի նախագահ՝ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու փոխարեն։ Սակայն նույնիսկ փետրվարի 26-ին, երբ Սերժ Սարգսյանի համար հարկադրաբար հրապարակ բերված հազարավոր մարդիկ միացան Տեր-Պետրոսյանի հանրահավաքին ու իշխանությունն, այսպես ասած, ընկած էր գետնին, Տեր-Պետրոսյանը չտրվեց կառավարական շենքեր գրավելու, անգամ պաշարելու գայթակղությանը՝ համբերատար սպասելով խնդրի սահմանադրական, իրավական կարգավորմանը։
Մենք երեք եզրույթի միջև բախում ունենք. բանակի ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին փորձ է արվել ապահովել Լևոն Տեր -Պետրոսյանի և իր շարժման կողմից, որը հստակ է, իսկ 0038 հրամանի հիմնական ֆունկցիան է եղել բանակը զերծ պահել ներքաղաքական գործընթացների մեջ ներգրավելուց՝ այսօր հայտարարել են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները։ Սա թերևս ամենամեծ մանիպուլյացիան է․ պաշտպանության նախարարի թիվ 0038 հույժ գաղտնի հրամանը արձակվել է փետրվարի 23-ին՝ հենց այն օրը, երբ գեներալ Մանվել Գրիգորյանն արդեն «կապիտուլացվել» էր ու գնացել էր իր տուն։ Այսինքն՝ բացարձակապես կեղծիք է 0038 հրամանի «երկրապահական» հետագծի մասին լեգենդը։ Պատասխանատվության համահարթեցման պահանջ դնող դաշնակցականներն ու հանրապետականները, ռոբականներն ու սերժականները գեթ մեկ ապացույց չունեն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հարթակում եղել է զինված մարդ։
Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները շուտով թիրախավորելու են հենց Նիկոլ Փաշինյանին՝ փորձելով Մարտի 1-ի գործը դարձնել քաղաքական բևեռացման և Քոչարյանին՝ հակադրության հիմանական սուբյեկտ դարձնելու առիթ։
Այս ամենով հանդերձ՝ հակահեղաոխության ճամբարում տիրում են անորոշության ու տագնապի տրամադրություններ, որովհետև աստիճանաբար գաղտնազերծվող 0038 հրամանը ճաղերի հետև է տանելու բազմաթիվ մարդկանց՝ թե իշխանության ներկայացուցիչների, թե Փաստահավաք խմբի հինգերորդ զեկույցում նշած օլիգարխների, որոնց հրոսակներն, ըստ երևույթին, համալրել են 0038 հրամանի 3-րդ կետով ստեղծված դասակների շարքերը՝ զենքեր ստանալով ՊՆ-ից։
Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգի տապալման այնպիսի սխեմա է մշակել, որը կլանել է պետական ողջ համակարգը, քրեաօլիգարխայի բոլոր սեգմենտներին։ Քոչարյանի գործն աստիճանաբար վերածվում է լյուստրացիայի, որը բացահայտում է անցած երկու տասնամյակում պետության ու սահմանադրական կարգի դեմ գործած կուսակցություններին, անհատներին։
Լյուստրացիայի առաջին փուլում բացահայտվեցին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, հերթը հասել է օլիգարխիային, առաջին հերթին՝ ԲՀԿ-ին ու նշաններն արդեն երևում են։










































