Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թե՛ հեղափոխության օրերին, թե՛ դրանից հետո, թե՛ իր պաշտոնավարման ընթացքում, այո՛, բազմիցս նշել է, որ արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն Հայաստանում տեղի չի ունենալու, ինչը, սակայն, չի նշանակում, որ մեր պետական և ազգային շահերը ստորադասվելու են որևիցե գործընթացի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց անվտանգության հարցերով փորձագետ, միջազգայնագետ Արմենակ Մինասյանցը:
«Թեև արտաքին քաղաքական ուղղվածությունը չի փոփոխվել, այդուհանդերձ՝ շատ ավելի կարևոր է քաղաքականության բովանդակությունը: Նախկինում այդ բովանդակությունը այնքան առարկայական չէր, որքան հիմա. այժմ շատ ավելի հստակ ուրվագծվում են Հայաստանի համար առաջնահերթությունները, և դրանով իսկ մենք ամրացնում ենք մեր սուվերենությունը՝ համենայնդեպս, միջազգային հարթակում»,- նկատեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտնի հայտարարությանը, ապա Արմենակ Մինասյանցը կարծում է, որ Ռուսաստանը շատ ավելի անհանգստացած է ոչ թե հայաստանյան կյանքով, այլ ՀԱՊԿ-ի հեռանկարով. «Այդուհանդերձ, պետք է արձագանքել, որ Լավրովի հայտարարությունը Հայաստանում շատուշատ շրջանակներում չի ստանալու դրական արձագանք»:
Մեր զրուցակցի կարծիքով՝ Ռուսաստանը լավ չէր ընկալել Փանիկի միջադեպը. «Ըստ էության, խոսեցինք, ասացինք, ներողություն հայտնեցին, բայց այն մեսիջները, որ Հայաստանը տվեց, թե՝ գիտեք, սա սուվերեն պետություն է, և մենք նորմալ չենք վերաբերվում նմանատիպ երևույթներին, ճիշտ չընկալվեցին: Դրա համար էլ մենք ստացանք երկրորդ նմանատիպ հայտարարությունը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:







































