ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործի իրավական կողմը դնելով մի կողմ՝ ակնհայտ է, որ այն ձևն ու կերպը, որով իրականացվեց այդ գործընթացը, վնասել են ՀԱՊԿ-ի հեղինակությանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նախ՝ մինչև կոնկրետ հարցի բովանդակությանն անդրադառնալը՝ նկատենք, որ ՀՀԿ-ն ակամայից խոստովանում է, համենայնդեպս՝ վերջին հայտարարություններով, որ սպառել է կուսակցության արդիականացման բոլոր ներքին ռեսուրսները և հույսը դրել է, այսպես կոչված, ռուսական գործոնի շատ տգեղ խաղարկման վրա։ Ռուսական փորձագիտական միտքը նույնիսկ կնախանձեր այն ջանասիրությանը, որով ՀՀԿ գործիչները Հայաստանում պաշտպանում են Մոսկվայի շահերը։
Առնվազն զարմանալի է, որ տասնութ տարի կառավարության ղեկին գտնված քաղաքական ուժի ներկայացուցիչները չեն կարողացել հասկանալ ռուսական քաղաքականության առանձնահատկությունները։ Կոռումպացված ու քրեաօլիգարխիկ ՀՀԿ-ն Մոսկվային պետք էր իշխանության ղեկին, որովհետև առանց դիմադրության սպասարկում էր ռուսական շահերը։ Հիմա ՀՀԿ-ն պահանջարկված չէ անգամ Մոսկվայի համար. ռուսական քաղաքական վերնախավը հետխորհրդային տարածքում սովոր չէ աշխատել ընդդիմադիր պրոյեկտների հետ, անգամ աջակցել նրանց։
Ռոբերտ Քոչարյանի վերջին օրերի տխուր պատմությունը Արմեն Աշոտյանի համար դաս պետք է լիներ. երկրորդ նախագահի մոսկովյան կապերը ժամկետանց էին և որևէ կերպ չօգնեցին, որ նա գոնե չհայտնվի ԱԱԾ մեկուսարանում։ Լավագույն դեպքում ռուսները ՀՀԿ-ի հետ կարող են «ժամանակ անցկացնել», այլ խոսքով՝ նրան օգտագործել փոքր ծառայությունների համար՝ առանց վարձահատույց լինելու։ Ասվածի իմաստն այն է, որ չարժե այդքան տրվել ռուսներին. այս դեպքում այդ հարաբերությունը տգեղ է անգամ բարոյական տեսանկյունից՝ նմանվելով չստացված տանգոյի։
Հիմա անդրադառնանք կոնկրետ հարցին։ ՀԱՊԿ-ը երբեք հեղինակություն չի ունեցել, որը հնարավոր լիներ վնասել։ Օրինակ՝ շատ հետաքրքիր կլիներ, եթե ՀՀԿ որևէ գործիչ նշեր ՀԱՊԿ հեղինակության ինչ-որ դրսևորում։ Եթե մեռելածին այս կազմակերպությունը գոնե որոշակի ռեգիոնալ (միտումնավոր չենք ասում՝ միջազգային) հեղինակություն ունենար, ապա Ադրբեջանը երբեք չէր հանդգնի հրադադարի ռեժիմը խախտել գոնե Հայաստանի, ասել է թե՝ ՀԱՊԿ սահմանին։ Եվ առհասարակ՝ անթույլատրելի է ՀԱՊԿ-ը ներկայացնել որպես ՆԱՏՕ-ի անալոգ, առավել ևս՝ հակակշիռ։ Սա արդեն քաղաքական անհամարժեքության ընկալում կարող է առաջացնել։
Մյուս կողմից՝ եթե Սերժ Սարգսյանի իշխանությունն այդքան դողում էր ՀԱՊԿ հեղինակության վրա, ապա բծախնդիր պետք է լիներ կադրային հարցում ու այդ կազմակերպություն՝ դիվանագիտական ծառայության, գործուղեր անբասիր կենսագրություն ունեցող մեկին։ Խաչատուրովի կոռուպցիոն գործունեության մասին լրատվամիջոցները հեղեղված էին հարյուրավոր հրապարակումներով. նա ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկի համբավն ուներ նույնիսկ քրեաօլիգարխիկ իշխանության համատեքստում։ Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի որոշել էր ինչ-որ կերպ ազատվել Խաչատուրովից ու գտավ հարմար տարբերակ՝ նրան գործուղելով Մոսկվա։ Ահա թե ինչքանով է նախկին իշխանությունը հարգել ՀԱՊԿ հեղինակությունը՝ համարելով, որ այդ կազմակերպությունում կարող է ունենալ բացառապես կոռուպցիոն «ներդրում»։
Եթե խնդրին նայենք գլոբալ համատեքստում, ապա Հայաստանի նոր իշխանությունը նույնիսկ անգնահատելի ծառայություն է մատուցել ՀԱՊԿ-ին՝ նրան ազատելով կրիմինալ դեմքից։ Իհարկե, եվրասիական ավտորիտար, կոռումպացված մշակույթի կրողները հազիվ թե կարողանան գնահատել Նիկոլ Փաշինյանի կառավարության այս քայլի բովանդակությունը։
Սակայն լավ կլինի, որ ՀՀԿ-ում գտնեն Մոսկվային ծառայելու այլ օրակարգ, եթե, իհարկե, ցեղակրոն կուսակցության ռեստարտի միակ հնարավորությունը մնացել է Ռուսաստանի չեկիստական իշխանության աջակցությանն ապավինելը։ Չեկիստների թեման հիշեցինք կադրից դուրս՝ իմիջիայլոց հանրապետականներին հիշեցնելու համար, որ իրենց գաղափարական առաջնորդ Գարեգին Նժդեհին խոշտանգել են Պուտինի հարազատ հիմնարկում՝ նրա «հոգևոր հայրերը»։









































