Եռագույն ժապավենով և աստղերով 11 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 11 աշխատակիցներ առաջին սպայական ուսադիրները հուլիսի 25-ին անձամբ ստացան ոստիկանության պետից։

Նրանք աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։ Վալերի Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում։

Ոստիկանության պետը փաստեց՝ հրամայական է օր օրի ավելի իրավագիտակից դարձող հասարակության հետ համահունչ քայլել՝ կատարելագործելով մասնագիտական գիտելիքները, բարձրացնելով կրթական մակարդակը, և, իհարկե, ծառայությանը վերաբերվելով ավելի սրտացավ։

«Մենք կոչված ենք ծառայելու հասարակությանը և պետք է մեր առաքելությունն իրականացնենք հավուր պատշաճի ու բարձր պատրաստակամությամբ», – ընգծեց ոստիկանության պետը։









































