Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը առաջիկայում վրացի գործընկերոջ՝ Միխեիլ Բատիաշվիլու հետ հանդիպմանը մտադիր է քննարկել Վրաստանում գործող հայկական դպրոցներում հայոց լեզվի և պատմության ուսուցմանն առնչվող խնդիրները: Այս մասին ՀՀ նախարարը հայտնել է Վրաստանի Առաջին ալիքին:
«Խնդիրներ կան հայոց լեզվի, պատմության ուսուցանման հետ կապված: Ինչպես նաև ունենք տարբեր իրադարձությունների մեկնաբանման հետ կապված խնդիր: Աշխատում ենք այս ուղղությամբ: Շատ բարդ է մատակարարել հայկական դասագրքեր, Վրաստանի կրթության նախարարությունը այդ ուղղությամբ իրականացնում է հսկողություն: Նախկին նախարարի հետ այս թեմայով ունեցել ենք որոշակի համաձայնություններ: Նոր նախարարի հետ հավանաբար պետք է նորից սկսենք այս հարցերի քննարկումը»,- նշել է նախարարը:
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի տեղեկությամբ՝ այսօր պետք է հանդիպեր Հայաստանում Վրաստանի դեսպանին՝ քննարկելու երկու երկրների նախարարների միջև հանդիպման պատրաստման հարցը:







































