Միլիոնավոր ֆրանսիացիներ տոնում են ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակը Ռուսաստանում տեղի ունեցած Աշխարհի առաջնությունում: Ֆրանսիան հաղթեց Խորվաթիային համոզիչ՝ 4:2 հաշվով: Շատերի կարծիքով՝ ֆրանսիացիները մի գլուխ ավելի բարձր էին խորվաթներից, և հաղթանակը միանգամայն տրամաբանական էր:
Ինչ խոսք, Ֆրանսիային կարելի է ավելի զորեղ հավաքական որակել, սակայն խաղում եղան դրվագներ, որոնք հարիր չէին Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը: Դրվագներ, որոնք բեկեցին հանդիպման ընթացքն ու նպաստեցին Ֆրանսիայի չեմպիոնությանը: Սկսենք առաջին գոլի դրվագից: Գրիզմանի տուգանային հարվածի իրացման պահին Պոլ Պոգբան ակնհայտ խաղից դուրս վիճակում էր: Ավելին, ֆրանսիացի կիսապաշտպանը վայրկյաններ անց հրեց Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մանջուկիչին, ինչի հետևանքով էլ գրանցվեց ինքնագոլը: Փաստորեն, խաղից դուրս գտնվող ֆուտբոլիստը ակտիվորեն նպաստեց, որպեսզի գնդակը հայտնվի դարպասում:
Շատ մասնագետների կարծիքով՝ հանդիպման արգենտինացի գլխավոր մրցավար Նեստոր Պիտանան սխալ թույլ տվեց՝ նշանակելով տուգանային այն հարվածը, որից արդյունքում ծնվեց առաջին գոլը:
Անդրադառնանք Ֆրանսիայի հավաքականի խփած երկրորդ գոլին: Հիշեցնենք, որ երկար մտորելուց և դրվագի տեսակրկնությունը դիտելուց գլխավոր մրցավարը, այնուամենայնիվ, 11 մետրանոց հարված նշանակեց Խորվաթիայի հավաքականի դարպասին, որն իրացրեց Անտուան Գրիզմանը: Այս դրվագում գնդակը դիպավ խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչի ձեռքին: Այնուամենայնիվ, կա՞ր արդյոք Պերիշիչի կողմից միտումնավոր ձեռքով խաղ: Ուշադրություն դարձնենք, որ այս դրվագում Պերիշիչը գտնվում էր ֆրանսիացի Մատիուդիի թիկունքում, և նա պարզապես չէր տեսնում գնդակը: Ավելի ստույգ՝ Պերիշիչի փակ տեսադաշտի պայմաններում գնդակը դիպավ նրա ձեռքին: Իսկ գնդակի ուղղությունը փոխելը պայմանավորված էր ձեռքի բնական շարժումով, քանզի Պերիշիչը օդային պայքարի մեջ էր:
Հանդիպումից հետո հազարավոր երկրպագուներ սուլում էին Պիտանային: Սուլում էին, քանզի նա իր օգնականների հետ ուղղակի փչացրեց եզրափակիչը: Նման մակարդակի հանդիպումներում այսպիսի սխալներն ուղղակի անթույլատրելի են: Դժվար է ասել՝ խաղն ինչ ընթացք կունենար, եթե մրցավարը թույլ չտար նման կոպիտ սխալներ: Հանդիպման սկզբնամասում Խորվաթիան առավելություն ուներ և բաց թողած գոլից հետո էլ տիրում էր նախաձեռնությանը: Երկրորդ կեսը ևս խորվաթները բավական ակտիվ սկսեցին, սակայն Պոգբայի խփած գնդակը, այսպես ասած, կոտրեց թիմին:
Ինչպես Բելգիայի հետ խաղում, այնպես էլ եզրափակչում Ֆրանսիան ցույց չտվեց դիտարժան ֆուտբոլ: 17 միգրանտներից կազմված հավաքականը կրկին խաղաց փակ ֆուտբոլ՝ շեշտը դնելով մրցակցի սխալների վրա: Կարելի է փաստել, որ Ֆրանսիայի հավաքականի առանցքային ֆիգուրը 19-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն է: Նրա ճեղքումները իրական խուճապ են ստեղծում մրցակցի պաշտպանությունում: Խորվաթիայի կողմից Մբապեի նկատմամբ ավելի ուժեղ հսկողություն կիրառելու պարագայում հնարավոր է պատկերը բոլորովին այլ լիներ:
Ամեն դեպքում շնորհավորում ենք Ֆրանսիայի հավաքականին աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ: Շնորհավորում ենք այս հավաքականի երկրպագուներին: Ֆուտբոլում դոմինանտը արդարությունը չէ, և հաղթողներին դատել ուղղակի չի կարելի: Այս Մունդիալում կիրառվեց տեսակրկնությունների համակարգը, որը զգալիորեն նվազեցրեց մրցավարական սխալները, բայց Ֆրանսիա-Խորվաթիա հանդիպումը ցույց տվեց, որ իդեալական հանդիպումներ ուղղակի չեն լինում:
Ինչո՞ւ տեսակրկնությունների համակարգը չարձանագրեց Պոգբայի խաղից դուրս վիճակը: Այս հարցի պատասխանը բավական դժվար է գտնել: Պիտանան մի քանի րոպե դիտեց Պերիշիչի ձեռքով խաղալու դրվագը: Նույնիսկ վերջին ակնթարթին մրցավարը մտորումների մեջ էր: Ի՞նչը ստիպեց Պիտանային, այնուամենայնիվ, նշանակել 11 մետրանոց: Արդյոք այս մրցավարը 11 մետրանոց կնշանակե՞ր, եթե տվյալ դրվագում ձեռքով խաղար ֆրանսիացի ֆուտբոլիստը: Կարծիքներ են հնչում, որ մրցավարական սխալների վրա ազդեցություն է ունեցել Ֆրանսիայի ավելի հզոր լինելու փաստը: Այս հարցերի պատասխանն իրականում դժվար է գտնել:
Աշխարհի չեմպիոնը Ֆրանսիան է, բայց Խորվաթիան ճանաչվել է ամենասիրված և երկրպագուների համակրանքը վայելող հավաքական: ՖԻՖԱ-ի կողմից աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը: Վերջինս արժանի էր այս տիտղոսին: Խորվաթիայի կազմում փայլեցին նաև Մանջուկիչը, Ռակիտիչը, Պերիշիչը, Ռեբիչը, Վիդան և վերջապես դարպասապահ Սուբաշիչը:
1991 թվականին անկախություն ձեռք բերած Խորվաթիան պատմության ընթացքում հասցրել է դառնալ աշխարհի չեմպիոն և երրորդ մրցանակակիր: Սա 4 միլիոն բնակչություն ունեցող պետության համար փառահեղ արդյունք է: Նախկին Հարավսլավիայի պետությունների մեջ Խորվաթիան արժանիորեն կրում է ֆուտբոլային դարբնոցի համբավը:







































