Պետական կարիքների համար այս կամ այն փողոցի շենքը կամ շինությունը գերակա հանրային շահ ճանաչելու գործընթացը նոր չէ: Իշխանությունների կողմից սեփական տներից հանվել և հաճախ անտուն են մնացել տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Նման դառը փորձառություն ունեցան 2000թ-ին կառավարության համապատասխան որոշմամբ Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրից տուժածները: Նրանք պնդում են, որ համարժեք փոխհատուցում չեն ստացել, սակայն իրենց տներից ապօրինաբար վտարվել են: Երևանի հնաբնակներից շատերը, նրանք ում հաջողվել է վերապրել սոցիալ-հոգեբանական այս ծանր սթրեսը, առ այսօր չեն կարողացել լուծել իրենց բնակարանային խնդիրը:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այդ մարդկանցից մեկը՝ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ արեց. «Ուշադրություն դարձնել այն քաղաքացիներին, ովքեր անօրինական, հանցավոր բանդայի պատճառով հայտնվել են փողոցում»:
Նրա խոսքով՝ հանցագործություն է կատարվել Երևանի այն բնակիչների նկատմամբ, ովքեր ծնվել և ապրում էին Երևանի կենտրոնում. «Ռ. Քոչարյանը քաղաքապետին ասաց՝ փողի վրա նստած՝ ինձանից փող եք ուզում: Դրանից հետո սկսվեց Երևան քաղաքը վաճառելու գործընթացը՝ առանց մրցույթի, ահռելի տարածքներ օգտագործվեցին պետական կարիքների համար, և տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվեցին ծանր վիճակում:
«Ռ. Քոչարյանի գաղափարը չէր կարող իրականացվել, եթե չլինեին մի քանի դերակատարներ, որոնցից մեկը կաշառակեր Երվանդ Զախարյանն էր»,- ընդգծեց Ս. Բաղդասարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































