Հանրապետական կուսակցությունը փորձում է տեղավորվել ընդդիմության դերում, որովհետև այլ ընդդիմություն երկրում կարծես թե չկա էլ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ներկայացրել էին Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին մի օրենքի նախագիծ, որով առաջարկում էին մինչև 500 հազար դրամ ստացողների եկամտահարկը սահմանել 20 տոկոս, իսկ դրանից բարձր ստացողներինը 25: Երեկ կառավարությունը մերժեց այս առաջարկը, որովհետև ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ նման փոփոխությունը բյուջեի եկամտային մասին կարժենա 45-47 մլրդ դրամ: Շատ ծանոթ հիմնավորում է, բոլոր ժամանակներում ընդդիմության հարկային բեռի թեթևացմանը ուղղված նմանատիպ առաջարկներին իշխանությունը պատասխանել է փող չկա բացատրությամբ:
Հայաստանում դեռևս 2016թ. էին ուզում անցում կատարել 20-տոկոսանոց եկամտային հարկի, երբ քննարկվում էր Հարկային նոր օրենսգիրք ընդունելու հարցը: Բայց այն ժամանակ որոշվեց, որ երկիրը դեռ պատրաստ չի նման համարձակ քայլի: Մինչև այս տարվա հունվարի 1-ը Հայաստանում գործում էր եկամտահարկի հետևյալ սանդղակը` մինչև 120 հազար ստացողների համար 24,4 տոկոս, 120 հազարից մինչև 2 մլն՝ 26 տոկոս, և 2 մլն-ից ավելիի դեպքում՝ 36 տոկոս: Հունվարի 1-ից ուժի մեջ մտան նոր դրույքաչափեր. ըստ այդմ՝ մինչև 150 հազար դրամ ստացողների համար եկամտահարկի դրույքաչափը իջեցվեց 23 տոկոս, բայց բարձրացվեց 150 հազարից 2 մլն դրամ ստացողների դրույքաչափը` 28 տոկոս: Հանրությունը այս փոփոխությունը ընդունեց մեծ դժգոհությամբ՝ արդարացիորեն համարելով, որ սա եկամտահարկի բարձրացում է, որը հիմնականում ազդելու է միջին եկամուտ ունեցողների վրա: ՏՏ ոլորտի մասնագետները հայտարարում էին, որ այս փոփոխությունը ստիպելու է իրենց կա՛մ աշխատել ստվերում, կա՛մ ուղղակի հեռանալ երկրից:
Փորձելով հարությունից լավ հիշողություններով բաժանվել՝ վարչապետ Կարեն Կարապետյանը իր ղեկավարած կառավարության վերջին ապրիլի 13-ի նիստում քննարկման դրեց մի նախագիծ, որով առաջարկվում էր եկամտահարկը իջեցնել 20 տոկոս: «Մեր նախնական գնահատումները փաստում են, որ հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին, քանի որ միկրոմակարդակում այդ հարկատեսակի բեռի նվազեցումն աշխատող յուրաքանչյուր քաղաքացու համար կավելացնի իրական տնօրինվող եկամուտները, իսկ մյուս կողմից՝ գործատուին հնարավորություն կտա նույն աշխատավարձի պայմաններում ներգրավել առավել որակյալ աշխատողների»,- հօգուտ այս նախագծի ընդունման կառավարության այդ նիստում ասել էր Կարապետյանը։
Դժվար է ասել, թե արդյոք Կարապետյանը իսկապես կյանքի կկոչեր այս նախագիծը, եթե հնարավորություն ունենար զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը, թե սա մի նախագիծ էր, որի նպատակը իր հաջորդներին ծանր դրության մեջ դնելն էր: Մենք իրավունք ունենք կասկածելու Կարեն Կարապետյանի անկեղծությանը, որովհետև եթե նա իսկապես հակված էր եկամտահարկի նվազեցմանը, ապա դա կարող էր նախաձեռնել ավելի վաղ և ներկայացված նախագիծը հասցնել օրենքի ընդունման մակարդակի:
Անվիճելի է, որ եկմտահարկի իջեցումը դրական ազդեցություն կարող է ունենալ տնտեսական կյանքի վրա, այդ թվում՝ նպաստելով աշխատաշուկայի ստվերի կրճատմանը: Մյուս կողմից, եթե պետությունը այդ գումարը թողնում է քաղաքացիների մոտ, նրանք, միևնույն է, այդ գումարը ծախսում են, և դա նպաստելու է տնտեսական կյանքի աշխուժացմանը, որն էլ իր հերթին բերելու է հարկային մուտքերի ավելացման: Նկատի ունենք, որ պետական բյուջեն, այսպես թե այնպես, չի տուժելու կամ նույնիսկ կարող է օգտվել:
Բայց այստեղ ավելի կարևոր է քաղաքական բաղադրիչը: Արդյոք կառավարության կողմից մերժված ՀՀԿ-ականները կարող են իրենց մերժված առաջարկը դարձնել հանրային քննարկման առարկա, և հանրությանը` գործատուներին ու վարձու աշխատողներին բացատրել, որ ահա տեսեք՝ իրենք ուզում էին թեթևացնել հարկային բեռը, ուզում էին, որ մարդիկ ավելի շատ աշխատավարձ ստանան, բայց կառավարությունը մերժեց այդ առաջարկը:
Դժվար թե դա կստացվի Խոսրով Հարությունյանի և Վահրամ Բաղդասարյանի մոտ: Որովհետև մարդկանց համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ են ասում, այլ նաև ով է ասում: Որովհետև եթե ՀՀԿ-ականները անգամ առաջարկեն վերացնել բոլոր հարկերը, մարդիկ, միևնույն է, նրանց չեն լսելու և դրա արդյունքում նրանց հանրային վստահության մակարդակը չի բարձրանալու: Չի կարող կողոպտիչը խոսել ազնվությունից, մարդասպանը հումանիզմ քարոզել, իսկ անբարոյականը բարոյականության դասեր տալ. սա պարզ ճշմարտություն է: Ահա այստեղ է գործող իշխանության երջանկությունը, նրանց միակ ընդդիմությունը ՀՀԿ-ականներն են, որոնց հասարակությունը չի ցանկանում լսել:
Լուսանկարը՝ Photolure-ի







































