Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ անվճար ID (նույնականացման) քարտեր կարող են բաժանվել։ Հուլիսի 4-ին ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով համախոհությամբ խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային առաջին նիստի ընթացքում այսպիսի առաջարկ արեց նիստը վարող ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։ «Եվրամիությունը պատրաստ է ֆինանսական աջակցություն ցույց տալ՝ կախված քարտերի թվից։ Դոնոր քաղաքական ուժերն էլ, ովքեր այս տարբերակին հակված կլինեն, կհամաձայնեն ֆինանսավորել»,- ասաց Դավիթ Հարությունյանը։ Սա հուշում է կառավարությանը՝ որտեղ կա փող և ինչպես կարելի է այն բերել՝ Հայաստանում որակական առաջընթաց ապահովելու համար։
Հանրապետական խմբակցության առաջարկություններից մեկն էլ վերաբերում էր ընտրական գործընթացը նոր սարքերով համալրելուն։ Դրանք հնարավորություն կտան ընտրել ոչ միայն լսողության ու տեսողության խնդիրներ ունեցող, այլև կաթված ստացած մարդկանց։ Դավիթ Հարությունյանի խոսքով՝ սարքը հնարավորություն կտա խուսափել նաև ընտրակեղծիքների որոշ ձևերից։ «Երբ ընտրողը մոտենում է սարքին, բացվում են կուսակցությունների ու դաշինքների խորհրդանիշերն ու անունները։ Իր նախընտրած խորհրդանիշին հպվելուց հետո տպվում է քվեաթերթիկը ու այն հայտնվում է ապակու տակ, իսկ կոճակը սեղմելուց հետո էլ՝ ընկնում քվեատուփի մեջ»,-նշեց Հարությունյանը։








































