Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ՀԱՊԿ գործընկերներին իրազեկել է են նախիջևանյան ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների մասին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Միևնույն ժամանակ Բալայանը նշում է, թե Արցախի և շփման գծում տեղի ունեցողը ուղիղ կապ ունի Հայաստանի անվտանգության հետ։
Փորձագետները տևական ժամանակ է՝ ահազանգում են Նախիջևանում տեղի ունեցող իրադարձությունների վտանգավորության մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կարող է այս անգամ հարձակման դիմել հենց այդ հատվածից։ Իսկ թե ինչ պետք է ակնկալել ՀԱՊԿ-ից, քաղաքագետները տարակարծիք են՝ ընդ որում կա տեսակետ, որ Ադրբեջանին «ձեռքերի ազատություն է տվել» հենց այն վստահությունը, որ ՀԱՊԿ-ը որևէ կերպ չի արաձագանքի Նախիջևանում իրենց սանձազերծած գործողություններին։
![]()
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ Նախիջևանի հարցը լուծման երկու տարբերակ ունի: Այս մասին նա նշեց այսօր ասուլիսին՝ անդրադառալով Նախիջևանի շրջանում նկատվող ակտիվությանը: «Առաջին լուծումը ռազմական է, որին պետք է պատրաստ լինենք, երկրորդը՝ Նախիջևանի իրավական թղթածրարի հստակեցնելը և միջազգային հարթակներում ներկայացնելը»,- ասաց նա:
Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է փոխի իր ռազմավարությունը և դիմի կանխարգելիչ պատերազմի։ «Հայկական կողմը չպետք է հույսը դնի ո՛չ Ռուսաստանի, ոչ էլ ՀԱՊԿ-ի վրա։ Նախիջևանի հատվածի շփման գծում ակտիվ գործողություններ իրականացնելով՝ Ադրբեջանը սկսում է մի վտանգավոր գործընթաց, որտեղ Նախիջևանի անվտանգության երաշխավորի դերում հանդես են գալիս երկու պետություններ՝ ըստ 1921թ. Մոսկվայի պայմանագրի՝ Ռուսաստանը և Թուրքիան։ Այժմ փորձ է արվում Թուրքիայի միջոցով Ռուսաստանին ներքաշել մեր տարածաշրջանի հակամարտությունների մեջ:
Ռուսաստանում կան շանտաժի դիմող քաղաքական գործիչներ, սակայն հիմա Հայաստանում փոխվել է իրավիճակը և հույս ունեմ, որ ռուսական իշխանությունները այլ վերաբերմունք կցուցաբերեն Հայաստան պետության նկատմամբ՝ հավասարը հավասարի դիրքերից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
![]()
Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը մինչդեռ նշում է՝ ՀԱՊԿ-ն այստեղ անելիք չունի և չի էլ ունենալու. «Միակ անելիքը հրահրելն է, ինչով և զբաղված է ՀԱՊԿ կոչվածը։ Պարտադիր չէ, որ դա լինեն ՀԱՊԿ-ում պաշտոններ զբաղեցնող մարդիկ։ Նրանք բավականին բարձրաստիճան մարդիկ են, որոնք առանց Կրեմլի թույլտվության իրենց տան սառնարանի դուռը չեն բացում, ուր մնաց՝ բերանները բացեն։ Եվ բացում են իրենց բերանը Ադրբեջանում, իրենց իսկ կողմից հրահրված Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմի կորցրած դիրքում և խոսում են բացահայտ հակահայ բաներ՝ առ այն, թե Փաշինյանը գրգռում է Պուտինին, խոսում են, որ հայերը պետք է թողնեն Ղարաբաղը և այդպես շարունակ»։
Մեր այն դիտարկմանը, թե գուցե դա անհատ գործիչների և ոչ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշում է, Մեհրաբյանն արձագանքեց. «Եթե Պետդումայի նախագահի օգնականն այնտեղ է, պաշտոնականն ինչպե՞ս է լինում, պարտադիր է անձամբ Պուտինը լինե՞ր»։
Անդրադառնալով Նախիջևանում տեղի ունեցող իրադարձություններին, Մեհրաբյանը նշեց. «Ես կարծում եմ՝ ավելի շատ դեմոնստրատիվ քայլերի է դիմում Ադրբեջանը, ադրբեջանցիները թող ուղղակի հիշեն, թե ինչ տեղի ունեցավ 90-ականների սկզբին Սարդարակ գյուղի հետ 24 ժամվա ընթացքում, երբ այնտեղից սկսեցին զզվացնել հայ զինվորներին։ Մի կենդանի հավ էլ չեր մնացել, պետք է հասկանալ, որ ամբողջ Նախիջևանը կվերածվի Սարդարակի՝ Մեղրիից մինչև Արարատ։ Հիմնական վտանգը Ղարաբաղի ուղղությամբ է, հարձակվողական գործողությունները այնտեղից են նախապատրաստվում, բայց այնտեղ նույնպես պետք է լավ հիշեն իրենց ավագ ընկերներին, որոնց կրունկները փայլում էր այնտեղից փախնելուց։ Այնտեղ էլ թող հիշեն, թե Աղդամի հետ ինչ տեղի ունեցավ։ Թող հասկանան մեկ բան՝ իրենց ավանտյուրաների վերջն այն է, որ բոլորը սատկելու են»։









































