Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է 2016 թվականի հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գնդում սպանված ոստիկանների հարազատներին։ Հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Փաշինյանը վերահաստատել է իր դիրքորոշումը տեղի ունեցածի շուրջ՝ ոստիկանների սպանությունը պետք է խստորեն պատժվի, այդ հարցում պետք է լինի հանրային կոնսենսուս։
Ի՞նչ են ասել վարչապետին սպանված ոստիկանների հարազատները՝ պաշտոնական հաղորդագրության մեջ չի ասվում։ Բայց տվյալ դեպքում շատ կարևոր է Ն. Փաշինյանի անփոփոխ դիրքորոշումն այս հարցում։ Սա ածանցյալ հարց է այն հիմնական հարցադրումից՝ արդյոք զենքի կիրառումը ընդունելի՞ է որևէ նպատակի, թեկուզև ամենավեհ նպատակի հասնելու համար։ Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն այդ հարցին պատասխանել է 2016 թվականի հուլիսին՝ հենց ՊՊԾ գնդի գրավման օրերին, երբ գտնվելով Խորենացի փողոցում՝ ամեն ինչ անում էր խնդրի խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար։ Չստացվեց։ Այդ զենքով սպանվեցին երեք ոստիկաններ:
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը սպանված ոստիկանների ընտանիքի անդամների հետ ուղերձ էր այն մասին, որ իր դիրքորոշումը չի փոխվել, որ ոստիկանի սպանությունը պետության դեմ ուղղված ծանր հանցագործություն է, որը պետք է խստորեն պատժվի։ Փաշինյանի այս կարևոր հանդիպման ուղերձի մյուս հասցեատերը «Սասնա ծռերն»- են, որոնց գաղափարական առաջնորդներից մեկն օրերս բանտից հղած նամակում իրենց համեմատել էր հրի, Փաշինյանին՝ ջրի հետ: Այդ կոդավորված նամակի պատասխանը եղավ Փաշինյանի հանդիպումը այն անձանց հարազատների հետ, որոնց սպանել է այդ կրակը՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Լևոն Շիրինյանը և ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն իրենց դիտարկումներն ներկայացրին այդ հանդիպման շուրջ:
Լ.Շիրինյանի դիտարկմամբ ՝ այդ հանդիպումն անհրաժեշտ էր: «Սա կարող էր լինել այնպիսի ռեժիմի պայմաններում, երբ իշխանությունը և պետականությունը նույնականանում են, իսկ Սերժ Սարգսյանի ստվերային պետության պայմաններում իշխանությունը գործում էր պետական շահերի դեմ և այս արանքում է ճեղքվածը, որ տեղի ունեցավ. «Սասնա ծռերի» ապստամբությունը և ոստիկանների սպանությունը: Մի դեպքում՝ ժողովուրդն իր զավակների ձեռքով ռեալիզացրեց ապստամբության իրավունքը ռեժիմի դեմ, մյուս կողմից՝ ոստիկանները կատարում էին պետության հանդեպ իրենց պարտականությունը, բայց ըստ էության գործեցին օրվա իշխանության հրամանով, որը չէր արտացոլում ժողովրդի շահերը:
«Այս օրերին այս կոռուպցիոն վիրուսների բացահայտումն ինձ հանգեցնում է դաժան եզրակացության՝ այդ ապստամբությունը պետք է ավելի շուտ լիներ, որպեսզի ռեժիմը շուտ տապալվեր: Ռեժիմի տապալման սկիզբը դրեց Ապրիլյան պատերազմը: Եվ դա ծնեց «Սասնա ծռերի» ապստամբությունը: Ապրիլյան պատերազմն ու «Սասնա ծռերի» քայլը հանգեցրին թավշյա հեղափոխության»,- նշեց քաղաքագետը:
ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ եթե իշխանափոխության այլ հնարավորություն չկա, ուրեմն հնարավոր է ամեն ինչ: «Բայց Փաշինյանը ցույց տվեց, որ կա այլ հնարավորություն: Արշակյանի խոսքով՝ «Սասնա ծռերի» քայլը վատ էր հաշվարկված և արկածախնդրություն էր: Դա պարտություն էր, իսկ թավշյա հեղափոխությունը՝ հաղթանակ: Դա լիցք կհաղորդի հասարակությանը հետագա պայքարի համար՝ մերժելով զենքով պայքարելու ուղին»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:







































