Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն իր անձնական վերահսկողության տակ է վերցնելու Արարատի մարզի Վեդի, Վանաշեն, Գոռավան, Սիսավան համայնքների խնդիրը, որի բնակիչներն ահազանգել էին «Ժամանակ» թերթին, որ արտոնյալ մի քանի անձանց պատճառով ոռոգման ջուր չլինելու պատճառով ամբողջ բերքը ոչնչանում է:
Արթուր Գրիգորյանն «Առաջին լրատվականին» հայտնեց, որ ուսումնասիրելու են խնդիրը եւ ապօրինություններ հայտնաբերելու դեպքում խստագույնս պատժելու են մեղավորներին։
Նշենք, որ մեր թերթին ահազանգած հողօգտագործողների խոսքով` Ազատի ջրամբարում սելավի ջրերից ամբարված բավական ջրային պաշար կա, բայց դա հասարակ մահկանացուների համար չէ:
Թերթի տեղեկություններով` Ազատի ջրամբարում գարնանային սելավից հավաքված ջրերի առյուծի բաժինը հատկացվում է Հովիկ Աբրահամյանի հսկայական հողատարածքների ոռոգման համար, դրանք ուղղվում են հատկապես Քաղցրաշենում ունեցած նրա 1000-ավոր հեկտար խնձորի այգիների ոռոգմանը:
Ի դեպ, Ազատ գետի ամբարված ջրերից անմասն չեն մնում նաև ավշարցի Գրիգորյան եղբայրները` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը և Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Մեզ ահազանգած հողօգտագործողները նշել էին, որ ոռոգման ջրի խնդիրը չլուծելու դեպքում իրենք պատրաստվում են փակել Արարատի մարզի միջպետական նշանակության ճանապարհը»:









































