Բրիտանական Which ամսագիրը, որ մասնագիտացած է սպառողական ապրանքների և ծառայությունների որակի ստուգման մեջ, հրապարակել է քաղցկեղ առաջացնող ամենավտանգավոր մթերքների և սննդային հավելումների ցանկը:

Ամենավտանգավոր մթերքը, որը մեծացնում է աղիների և ստամոքսի քաղցկեղի վտանգը, վերամշակված կարմիր միսն է, օրինակ՝ բեկոնը, խոզապուխտը և սալյամին: Մսի պահպանման ժամկետը երկարացնելու և նրա համային հատկությունները փոփոխելու համար նրա մեջ ավելացնում են նիտրատներ և նիտրիտներ, որոնք կոնցերոգեն են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն, համարում է, որ օրական 50 գրամ վերամշակված միսը նույնիսկ 18%-ով ավելացնում է աղիների քաղցկեղի զարգացման վտանգը: Քաղցկեղ առաջացնող գործոններից է նաև պեստիցիդների օգտագործումը:

Վերամշակված մսի օգտագործմանը զուգահեռ չարորակ ուռուցքի առաջացմանը նպաստում են ծխելը, ավելորդ քաշը, ակտիվության ցածր մակարդակը, վատ սնունդը և ալկոհոլը:









































