Հայաստանը լիովին չի իրականացնում թրաֆիքինգը վերացնելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշները, սակայն այդ ուղղությամբ ներդնում է նշանակալի ջանք: Այդ մասին ասվում է մարդկանց թրաֆիքինգի զեկույցում, որը ներկայացրել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Ամերիկայի ձայնի» տեղեկացմամբ, Հայաստանում անցկացվում են վերապատրաստման դասընթացներ, սակայն դրանք լուրջ չեն և նկատելիորեն զիջում են նախորդ տարվա ցուցանիշներին: Հայաստանում մեղադրանքների մեծ մասը կարճվում է փաստերի անբավարար լինելու պատճառաբանությամբ: Խնդիրներից մյուսն այն է, որ տուժածները, այդ թվում՝ երեխաները դատարաններում են հայտնվում իրենց թրաֆիքինգի ենթարկածների հետ միաժամանակ:
Երեխաներին ծանր աշխատանքի լծելու և նրանց նկատմամբ բռնությունների փաստեր են արձանագրվել երեխաների խնամքի հաստատություններում:
Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ 2018 թվականի զեկույցը, որն իրականում նախորդ տարվա, այսինքն մինչև թավշյա հեղափոխությունն անցկացված ժամանակաշրջանին է վերաբերում, Հայաստանը դասում է երկրորդ կարգի երկրների շարքին: Առաջին կարգի մեջ են դասված այն երկրները, որտեղ թրաֆիքինգը նվազագույն մակարդակի վրա է, դրա դեմ պայքարը` ամենաբարձր: Հ
այաստանը 2017 թվականի զեկույցում առաջին տեղում էր: Այս տարի իջել է մեկ սանդղակով: Երկրորդ դասի երկրները նրանք են, որտեղ կառավարությունները թրաֆիքինգը վերացնելու համար անհրաժեշտ պահանջները կատարում են ոչ լիարժեք կերպով, սակայն ներդնում են նշանակալի ջանք այդ ուղղությամբ:
Երկրորդ տեղում հայտնված Հայաստանի հարևան Վրաստանն առաջին կարգի մեջ է: Ադրբեջանում իրավիճակը նման է Հայաստանին: Այն նույնպես երկրորդ կարգի մեջ է: Երկրորդ կարգի մեջ է նաև Թուրքիան: Իրանն ու Ռուսաստանը դասվում են երրորդ կարգում:
Զեկույցը ներկայացրել է պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ Դոնալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփի մասնակցությամբ: Զեկույցում գնահատված 187 երկրների շարքում ամենավատ ցուցանիշներն ունեն Չինաստանը, Ռուսաստանը, Հարավային Սուդանը, Սիրիան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան: Նրանց է այս տարի միացել Մյանմարը:







































