Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը րոպե առ րոպե սպասում է Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպմանը: Այս մասին փաստաբանը հայտնել է «Փաստինֆո»-ի հետ զրույցի ընթացքում:
Զրուցակիցը հիշեցրել է, որ դատախազի հետ հանդիպումը նախատեսված էր դեռևս անցյալ շաբաթ, սակայն «տեխնիկական պատճառներով» այն չի կայացել:
Ն.Նորիկյանը հիշեցրել է նաև, որ դեկտեմբերի 5-ին Գլխավոր դատախազության շենքի մոտ կայացած հերթական պիկետի ժամանակ դատախազությունից խոստացել էին, որ Գևորգ Կոստանյանը հաջորդ շաբաթ կընդունի իրեն:
Նա նաև տեղեկացրել է, որ Գլխավոր դատախազի հետ հանդիպման խնդրանքով արդեն 3 անգամ դիմել է դատախազություն, մեկ անգամ նրան ընդունել է ՀՀ Գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ Արտակ Հարությունյանը: Եվ ահա, «տեխնիկական պատճառներով» հետաձգված հանդիպմանը փաստաբանն սպասում է արդեն այս չորեքշաբթի օրը:
«Րոպե առ րոպե սպասում եմ, թե երբ պետք է ինձ զանգահարեն ու կազմակերպեն այդ հանդիպումը դատախազի հետ»,- ասել է Ն.Նորիկյանը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում