Հնարավո՞ր է, որ ՏԻՄ ընտրությունները նախորդեն խորհրդարանական ընտրություներին. ի պատասխան այս հարցի՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց. «Հարցն այն է, թե քաղաքական իշխանությունն ինչ տեսանկյունից է դրան նայում: Տեղական ինքնակառավարման մարմիններում օրինականություն հաստատելը բխում է մեր պետության շահերից, բայց դա կապել արտահերթ ընտրությունների հետ և ՏԻՄ-ում իշխանության գալը դիտարկել որպես հենարան համապետական ընտրությունների համար, մենք նման հակվածություն չունենք: Մենք կարծում ենք, որ ՏԻՄ-երը պետք է լինեն հնարավորինս անկախ, և նրանց քաղաքական ուղղվածությունը պետք է լինի թիմի քաղաքական ծրագրերն իրականացնելը, բայց ոչ ՏԻՄ լիազորությունները ծառայեցնելը ընտրություններում հաղթելու համար»:
Ս.Պապիկյանի դիտարկմամբ՝ ՏԻՄ-երում հրաժարականները բնականոն պրոցեսի արդյունք են: «Հասարակությունը դժգոհ է եղել ՏԻՄ-երից, իրադարձությունները ցույց են տալիս, որ դրանք հիմնավոր են, և արդյունքում լինում են հրաժարականներ»,- նշեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարը՝ հավելելով, որ դա քաղաքացիների կամքն է:
Մարդիկ քաղաքական հովանի են փնտրում, և հիմա ամենահարմար հովանին «Քաղաքացիական պայմանագիրն» է. անդրադառնալով այս դիտարկմանը՝ Պապիկյանը նշեց. «Հովանավորչություն ասվածը Հայաստանում վերանալու է: Ովքեր կփորձեն հովանի գտնել իշխանության ներքո և դրանով կոծկել նախկինում կատարած չարաշահումները, ես վստահեցնում եմ, որ ՀՀ-ում չի կարող լինել մի քաղաքացի, մի պետական պաշտոնյա, ով կլինի օրինազանց և չի պատժվի, եթե անգամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է կամ զբաղեցնում է բարձր պաշտոն»:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նաև ընդգծեց. «Մենք հեղափոխական փուլում ենք, մեզ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































