«VivaStart» կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` սկսած 2015 թվականից: Այն նպատակ ունի տարբեր բուհերի ուսանողներին հնարավորություն տալ մասնագիտանալու վաճառքի և բաժանորդների սպասարկման հատվածում:
«VivaStart»-ի 8-րդ խմբի 34 շրջանավարտներն այսօր ստացան իրենց հավաստագրերը՝ ծրագրի շրջանակում նախատեսված, փետրվար-ապրիլ ամիսներին պրակտիկան հաջողությամբ ավարտելու համար: Այդ ժամանակահատվածում ուսանողները հնարավորություն ստացան ձեռք բերել տեսական խորը գիտելիքներ վաճառքի և բաժանորդների սպասարկման ոլորտում և այդ գիտելիքները վերածել պրակտիկ հմտությունների Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում գործող ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում՝ բաժանորդների հետ աշխատանքի միջոցով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ավարտական արարողության ժամանակ, մինչև հավաստագրերի հանձնումը, «VivaStart»-ի շրջանավարտները մասնակցեցին մրցույթի, որն էլ առիթ հանդիսացավ նրանց համար ևս մեկ անգամ ի ցույց դնելու ծրագրի շնորհիվ ստացած մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները:

Ուսանողները բաժանվեցին 4 թիմի, որոնցից յուրաքանչյուրը, կիրառելով SWOT-վերլուծության անցկացման մեթոդիկան, վերլուծեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ծառայությունները: Թիմերի կողմից իրականացված վերլուծության 4 հիմնական ուղղություններն էին՝
1. ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային և ինտերնետային ծառայությունները
2. «My VivaCell-MTS» բջջային հավելվածը
3. Բաժանորդների սպասարկումը
4. Բջջային հեռախոսների և սարքավորումների վաճառքը

Յուրաքանչյուր թիմ 7 րոպեի ընթացքում ներկայացրեց կատարած վերլուծությունների արդյունքները: Վերլուծության արդյունքները լավագույնս ներկայացրած մասնակիցը՝ Լիլիթ Ղազարյանը, ինչպես նաև թիմերի 4 ամենաակտիվ մասնակիցները՝ Արտաշես Ագարյանը, Սիրանուշ Կարապետյանը, Ռիմմա Գրիգորյանը և Հասմիկ Հարությունյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգևատրվեցին շարժական լիցքավորիչներով: Բոլոր շրջանավարտները՝ հնարավորություն ստացան մեկ ամիս անվճար օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից վերջերս թողարկված «X» սակագնային պլանից:










































