Իրավապահների վերջին աղմկոտ բացահայտումներն ուշագրավ են մի քանի առումներով. առաջինը որ միանգամից աչքի է զարնում, այսպես ասած, խոշոր ձկների բավականին թիրախային գործողություններն են, ձեռնաշղթաներ են հագցնում այնպիսի օդիոզ կերպարների, որոնք տարիներ շարունակ իրենք են հրահանգներ տվել ձեռնաշղթաներ կիրառել այս կամ այն անհնազանդի նկատմամբ:
Երեկ բլորի ուշադրությունը սևեռված էր երրորդ նախագահի եղբոր և թիկնազորի պետի շուրջ ծավալվող իրադարձությունների վրա: Ոչ պակաս ուշագրավ զուգադիպությամբ երեկ հրապարակվեց նաև տեսանյութ, որտեղ ցուցադրվեց, թե ինչ անըմբռնելի սեփականություն ունի Երևանի քաղաքապետը: Կասկածից վեր է, որ հասունացած է քաղաքապետի հրաժարականը, որն այսօր չի մասնակցել ավագանու նիստին:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին ՄԻՊ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Վերջ օլիգարխիային» շարժման անդամ Սուրեն Սահակյանը և Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը:
Կոռուպցիայի դեմ պայքարն, ըստ Լարիսա Ալավերդյանի, անհրաժեշտությունն է: Նրա համար զարմանալի չեն վերջին աղմկոտ բացահայտումները, հակառակը՝ սպասելի էին. «Դեռևս պետք է, որ լինեն բացահայտումներ, որոնք նույնպես գտնվումեն իմ սպասելիքների դաշտում»:
Մեր զրուցակիցների դիտարկմամբ՝ Մանվել Գրիգորյանի դեպքն աննախադեպ էր: «Կարևոր է այն, որ գեներալների անձը կապվում է բանակի հետ… Բայց չպետք է նույնացնել Մանվել Գրիգորյաի անձը բանակի հետ,- նշեց Լ.Ալավերդյանը:- Ես կարծիք էի հայտնել, որ եթե երկիրը գտնվում է չհայտարարված, բայց պատերազմական իրական վիճակում, ապա պետք է բանակում հայտնաբերված կոռուպցիան պատերազմական օրենքներով դատենք, այսինքն՝ մահապատժի պետք է ենթարկվի այդպիսի անձը»:
Ս. Սահակյանի խոսքով՝ խոշոր ձկների գլլխից պետք է բռնել՝ տարիներ շարունակ ժողովրդին հարստահարած օդիոզ դեմքերին պետք է բռնել, և միայն բռնելը ոչ մի արժեք չի ունենա, եթե թալանածը չվերադարձվի: «Պետք է վերադարձնեն թալանածը և քաղաքացիական ընթացակարգով որոշակի տնտեսական հանցագործությունների համար ներում ստանան»:
Ա. Մկրտչյանի հավաստմամբ՝ ինֆորմացիայի հավաքագրման աշխատանքները ինտենսիվ կերպով շարունակվում են, և մեծապես պրոցեսին նպաստում են նաև ՀՀ քաղաքացիները՝ տրամադրելով կարևոր ինֆորմացիա:
Նա նաև ընդգծեց, որ սահմանային լարված իրավիճակի քողի տակ բանակի թալանն ուղղակի անընդունելի է. «Եվ այն ամենն, ինչ հիմա տեսնում ենք, դրա բացահայտումն է: 2018թ մայիսի 8-ին Հայաստանում իրավիճակը փոխվել է գլխիվայր: Պատկերավոր ասած՝ երբ փակում ես եռացող թեյնիկի բոլոր անցքերը, թեյնիկը պայթում է, մայիսի 8-ին թեյնիկը պայթեց, և հիմա այն, ինչ տեսնում ենք, այդ պայթյունի հետևանքներն են»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































