«Բժիշկներ առանց սահմանի» (Medecins Sans Frontieres) հումանիտար կազմակերպության աշխատակիցներին մեղադրում են այն բանում, որ նրանք դեղերը, այդ թվում Էբոլա վիրուսի դեղերը, փոխանակել են տեղի մարմնավաճառների սեքսի հետ։ Նման հայտարարություն են արել նախկին աշխատակցուհիները,–հաղորդում է BBC գործակալությունը։
Նյութում մանրամասնվում է, որ մեղադրանքները վերաբերում են վարչական հարցերով զբաղվող աշխատակիցներին և ոչ՝ բժշկական անձնակազմին։ Մի կնոջ խոսքերով՝ Քենիայում նա տեսել է, թե ինչպես է տնօրենը իր մոտ բերում երիտասարդ աղջիկների, որոնք, լուրերի համաձայն, մարմնավաճառներ են եղել։

«Իմ գործընկերը, որը երկար ժամանակ այնտեղ աշխատում էր, ասում էր, որ դա մշտական բնույթ է կրել»,– պարզաբանել է նա։
Նման հայտարարություններ է արել նաև կազմակերպության մեկ այլ աշխատակցուհի, որն աշխատում էր կենտրոնական Աֆրիկայում ՁԻԱՀ–ով հիվանդների հետ։

Բացի այդ, հաղորդվում է, որ էբոլա վիրուսի համաճարակի ժամանակ Լիբերիայում որոշ աշխատակիցներ պարծեցել են, թե քանի աղջկա են դրդել սեռական հարաբերությունների՝ փոխարենը դեղեր տրամադրելով։
Կազմակերպության նախագահը հայտարարել է, որ միջադեպերի հետաքննությունը հնարավոր կլինի, եթե ավելի շատ վկայություններ ի հայտ գան, սակայն դեռևս չեն նախատեսում այն սկսել։







































