«Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Հայաստանում սկսված հեղափոխական գործընթացների շարունակականությունը ենթադրում է այնպիսի քայլերի իրականացում, որոնք թույլ կտան բարեփոխումների ալիքը տարածել նաև հասարակական ինստիտուտների կայացման վրա: Այդպիսի քայլերից է Ռեաբիլիտացիայի ուղղությամբ կոնկրետ գործողությունների ձեռնարկումը, որոնք խթան կհանդիսանան ճշմարիտ գնահատական տալու Հայաստանի Հանրապետության անկախության տարիների պատմությանը և լույս սփռելու նրա մութ էջերի վրա:
Ցավոք, Հայաստանի Հանրապետության նորագույն պատմությունը հայտնի է ոչ միայն Արցախի ազատագրական պայքարի ու պետականաշինության որոշակի հաջողություններով, այլև այնպիսի լրջագույն բացթողումներով, ինչպիսիք են ազատ կամարտահայտության և քաղաքական խոսքի ազատության նկատմամբ թույլ տրված կոպիտ ոտնահարումներն ու բռնությունները: Նախորդ իշխանության բոլոր ժամանակահատվածներում ՀՀ-ում եղել են քաղաքական հալածյալներ, ովքեր հետապնդման են ենթարկվել բացառապես իրենց քաղաքական գործունեության կամ հայացքների համար: Հետապնդումներից անմասն չեն մնացել նաեւ զանգվածային լրատվամիջոցները, որոնք հալածանքների են ենթարկվել անաչառ տեղեկատվություն տարածելու իրենց պրոֆեսիոնալ պարտքը կատարելու համար:
Այդ տեսակետից հիշատակելի է «Ա1+» և «Նոյան Տապան» հեռուստատեսային ընկերությունների օրինակը, որոնց եթերազրկումը պայմանավորված էր զուտ քաղաքական դրդապատճառներով: Շատ ցանկալի է, որ նախորդ իշխանությունների կողմից թույլ տրված անարդարությունների, կամայականությունների ծանր բեռից ձերբազատված մուտք գործենք Նոր Հայաստան, որի հիմքերն այսօր հաջողությամբ դրվում են:
Հաշվի առնելով վերոշարադրյալը, «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է ՀՀ վարչապետի կամ նախագահի աշխատակազմին առընթեր ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կզբաղվի նախորդ իշխանությունների օրոք հանիրավի մեղադրված կամ հեղինակազրկված անձանց և կազմակերպությունների իրավունքները վերականգնելու խնդրով: Հանձնաժողովի կազմում առաջարկում ենք ընդգրկել բարձրակարգ իրավապաշտպաններ, փաստաբաններ, իրավապահ համակարգի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը լիազորված կլինի ուսումնասիրել և կառավարությանը ներկայացնել «Ռեաբիլիտացիայի մասին» օրենքի նախագիծ, ինչպես նաև ճշտորոշել այն անձանց ու կազմակերպությունների ցանկը, որոնք կհամապատասխանեն սույն օրենքի չափորոշիչներին», – ասված է հայտարարությունում:









































