«Կարող ենք արձանագրել, որ հանրությունը շոկային վիճակում է»,- անդրադառնալով վերջին իրադարձությունների վերաբերյալ հանրային տրամադրություններին՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը: Նրա խոսքով՝ հանրությունը շոկի մեջ հայտնվեց նաև ապրիլայն պատերազմից հետո, երբ պարզվեց, որ առաջնագիծը այնքան էլ այնքան էլ պատրաստ չէ հակառակորդի որոշակի գործողություններին: Տպավորություն կար, որ պետությունը դրանից հետո պետք է շտկեր ամբողջ համակարգը՝ պաշտպանության նախարարություն, ԵԿՄ, հասարակություն, քաղաքական համակարգ, բայց դա չարվեց, և այսօր բոլորս հայտնվել ենք ալեկոծվող կաթսայի մեջ:
Ցավալին այն է, որ այս բոլոր պատմությունների կիզակետում շատ արագ ներքաշվում է բանակի թեման: ԵԿՄ-ն, որը միշտ եղել է բանակի շարունակություն, պարզվեց, որ այնպիսի վիճակի է հասցված, որ պայթեց, և այդ պայթյունը ցնցում է հասարակությանը:
Միայն Մանվել Գրիգորյանի խնդիրը չէ, այստեղ խորքային պրոբլեմներ կան, որոնց լուծումները 2016-ից հետո նախկին իշխանությունը պետք է տար, առնվազն քաղաքական դրդապատճառներով հրացանավոր մարդուն երբեք չպետք է տեսնեին իրենց կողքին»:
Քոչարյանի դիտարկմամբ՝ բանակը հիմա էլ ամենակայացած ինստիտուտն է և մարտական հերթափոխը շարունակում է կատարել. «Բայց դա չի նշանակում, թե բանակը չունի պրոբլեմներ: Բանակի պրոբլեմները տեսանք Մարտի 1-ին, դա անտեսեցինք: Երբ որ բանակը օգտագործվեց Երևանի փողոցներում, արդեն պարզ էր, որ այն հասցված է այն վիճակին, որ ընտրությունից ընտրություն անընդհատ օգտագործվում է քաղաքական նպատակներով: Նաև ԵԿՄ-ին անընդհատ թուլացրել և դարձրել են հասարկության համար մերժելի ճանապարհ բռնած կառույց»:
Քոչարյանի խոսքով՝ իշխանությունը ճիշտ ճանապարհ է բռնել և տոտալ բացահայտումներ պետք է իրականացվեն. «Պետք է պարզվի՝ ո՞վ հասցրեց բանակն այդ վիճակին, ո՞վ հասցրեց կուտակել և ի՞նչ ճանապարհով…»:
«Սակայն ամեն ինչ չի կարելի ուրանալ «տուշոնկաների» պատմության մեջ,- ընդգծեց Քոչարյանը: – Շատ արագ պետք է կանգնեցնել այս «փսիխոզը»: Բանակում այսօր էլ ունենք հրաշալի սպայակազմ, որ պետք է զերծ մնա արժեզրկման պրոցեսից:
ԵԿՄ-ն պետք է դուրս բերել այս հարվածների տակից: ԵԿՄ-ն հայտնվել է այն վիճակում, որ այնտեղ օր առաջ պետք է փոփոխություններ լինեն: Այն պետք է լինի ազատամարտիկների տունը, որը պիտի բաց լինի նաև 18 տարեկան զորակոչիկների համար: ԵԿՄ-ն պետք է գործի. պատերազմը չի ավարտվել:
Ուզում եմ հիշել Հրանտ Մաթևոսյանի խոսքը. «Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ հոկտեմբերի 28-ին, որպեսզի այդ որդը մեր ժողովրդին չհոշոտի: Այդ էջը պետք է մեկ օրվա մեջ փակվի, և մենք գնանք առաջ»:
Այս պատմությունները ևս մեկ օր առաջ պետք է փակել, որովհետև արդեն բոլորը դանակն առաձ «դանակահարում» են ոչ թե Մանվել Գրիգորյանին, այլ նաև ԵԿՄ-ին, շուտով նաև «կդանակահարեն» բանակը և Վազգեն Սարգսյանին: Այսինքն՝ մենք ամբողջ հիմքերը կարող ենք այսպես տակնուվրա անել՝ չլուծելով պատերազմի վերջնական խնդիրը՝ այսինքն՝ խաղաղության խնդիրը:
Կարծում եմ իշխանությունները կնախաձեռնեն քաղաքական համերաշխության գործընթաց, լուծումներ, բանալիներ կգտնեն՝ իհարկե մեղավորներին լիարժեք պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը տալով նախաքննությունն իրականացնող մարմնին»,- նշեց Քոչարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































