Կոռուպցիայի դեմ պայքարի մասին իշխանության հայտարարությունները և դրանց հաջորդող գործողությունները շատերի մոտ հարցեր են առաջացնում, որոնց թվում նաև հնչում է այն հարցը, թե կհասնի՞ արդյոք կոռուպցիայի դեմ պայքարը նախկին առաջին դեմքերին… Կային մարդիկ, որոնք կռվող տղերքի գործոնը դարձրեցին քաղաքական շահերի գործիք՝ հանրությանը մոլորեցնելու, շահարկելու համար: Եվ հիմա հանրությունը բախվում է և հավանաբար դեռ բախվելու է դրա հետևանքներին:
Դատելով այն խաչաձև ստուգումներից, որոնք այսօր տեղի են ունենում, կարելի է ասել, որ բարդանում է ոչ միայն գեներալ Մանվել Գրիգորյանի, այլ նաև շատ այլ անձանց վիճակը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին «Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, լրագրող-վերլուծաբան Արտակ Եղիազարյանը:
«Մենք բացի խոսքից՝ տեսնում ենք նաև բավականին ակտիվ և ոչ սովորական գործողություններ: Այս մակարդակի, այս ակտիվությամբ և այս ծավալի գործողություններ նման օդիոզ ֆիգուրների նկատմամբ ես չեմ հիշում առնվազն վերջին 10 տարվա ընթացքում»,- նշեց Ա. Նավասարդյանը:
Անդրադառնալով հարցին, թե ուր կտանի այս շղթան և արժի այս հարցի մասին մտածել՝ Ա. Մարտիրոսյանը նշեց, որ լավ չի լինի չմտածելը. «Իմ ծանոթների կեսը, լսելով այդ մասին, չի քնել գիշերը: Հասարակությունը հասկանում է, որ այդ մարդը միայնակ չէ, որ խառնված են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք առնվազն իմացել են կատարվածի մասին, հասարակությունը հասկանում է, որ այս ամենն արվել է ոչ միայն ապրիլյանից հետո, այլ նաև դրանից առաջ»:
Մարտիրոսյանը նաև ընդգծեց. «2008-ին Մանվելը անհասկանալի ֆիգուր էր ճամբարից ճամբար էր գնում, և հասկանալի էր, որ նրան ինչ-որ ձևերով ձգեցին»:
Շատերն առաջարկում են սահամագիծ գծել դիրքերում եղած զինվորական Մանվել Գրիգորյանի և դրանից հետո քաղաքացիական կյանքում ապրած Մանվել Գրիգորյանի միջև: Այս դիտարկմանն ի պատասխան Եղիազարյանը նշեց. «Գեներալը այդպիսին եղել է նաև պատերազմի տարիներին, այլ հարց է, որ այն ժամանակ չուներ նման հնարավորություններ, իշխանության մեջ սերտաճելով, ինչ-որ պատառներ ստանալով՝ կարողացավ ստանալ ավելին: Բնականաբար նախկին իշխանությունները այդ ամեն ինչը օգտագործում էին՝ որպես լծակ իր դեմ: Հաշվի առնելով թե՛ ԵԿՄ ունեցած ազդեցությունը, թե՛ Մ. Գրիգորյանի անձնական որակները, օգտագործում էին, բնականաբար նախորդ իշխանությանը ձեռք էր տալիս նման կերպարը, որպեսզի կարողանա բազմաթիվ հարցեր լուծել՝ սկսած ընտրություններից մինչև քաղաքական այլ հարցեր:
Նավասարդյանի խոսքով՝ հետագայում կպարզվի, որ ավելի խոշոր կոռուպցիոներներ կան, և Մանվել Գրիգորյանի արածը նրանց արածի մոտ մանր խուլիգանությունը կթվա: Եղիազարյանը հավելեց, որ անգամ պատգամավորներից մեկն է հայտարարել, որ եթե կծիկը բացվի, Մ. Գրիգորյանը կարող է և առաջին հարյուրյակում չլինել: Եղիազարյանի խոսքով՝ ժողովրդական ալիք է բարձրացել և կուտակված ողջ մաղձն օգտագործվում է Մ. Գրիգորյանի դեմ:
Քննարկման մասնակիցների կարծիքով՝ ԵԿՄ-ն ոչ թե պետք է կազմաքանդվի, այլ փորձի ինքնազտվել:
Մանրամասն՝ տեսանյութում:










































