ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամները հայտարարում են, որ աջակցության կարիք ունեն թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն բարոյական, այլև ֆինանսական աջակցության մասին է:
Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Մոսկվայի հայերն այնքան էլ հակված չեն լինի որևէ աջակցություն ցուցաբերել, և կապ չունի, թե նախաձեռնությունն ընդդիմությունից ով է ձեռնարկել. «Ռուսաստանում ապրող հայերի շուրջ 80 տոկոսը կարելի է ասել՝ մի կերպ գոյատևում են, իրենց ընտանիքներին էլ մի փոքր գումար են ուղարկում: Իսկ ավելի հարուստները կապված են Հայաստանի իշխանությունների հետ, միասնական են ստեղծում իրենց ունեցվածքը, իսկ բիզնեսի հիմքը հենց սկզբից էլ եղել է ոչ օրինական»:
Խաչատրյանի խոսքերով՝ նույնիսկ եթե նրանք ցանկություն ունեն օգնել Հայաստանում քաղաքացիական շարժում ձևավորող որևէ խմբի, չեն կարող. «Նրանց օգնելու համար երկու ուղղություն կա՝ մեկն օրենքն է՝ առ այն, որ ուրիշ երկրի գումարներով իրավունք չկա ներքին քաղաքականության մեջ մտնել, իսկ երկրորդը՝ նրանք չեն օգնի, քանի որ կապված են իշխանությունների հետ: Նույնիսկ եթե նրանց մեջ սրտով մարդիկ կան, որ այսօր հասկանում ու գիտակցում են, որ Հայաստանի դրությունը բարվոք չէ և ցանկանան օգնել՝ չեն կարող, քանի որ կբացվի հիմքը, որն ամբողջովին ոչ օրինական է և նույնիսկ՝ հանցագործ»:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ պետական ապարատն ունի կառույցներ, որոնցով կարող է ազդել նրանց վրա, օրինակ՝ հարկայինը. «Դե իսկ նրանց մոտ կա իրենց ունեցվածքը պահելու հզոր ցանկություն»:
Բացի այդ, իրավապաշտպանի կարծիքով՝ այն, որ տվյալ քաղաքացիական նախաձեռնությունն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել մասնակցել հաջորդ ընտրություններին, այդքան էլ իրատեսական չէ, քանի որ այս իշխանությունները մինչև հաջորդ ընտրությունները չեն մնա. «Ես շատ ուրախ եմ, որ հիմա երիտասարդությունն է գլուխ բարձրացնում իշխանությունների դեմ, բացի այդ՝ երեք-չորս տարվա Ամերիկա-Եվրոպայի հետ բանակցությունները հենց այնպես չեն անցնի: Եվ հետո՝ Ռուսաստանի տնտեսությունն ինքնին շատ վատ վիճակում է, ես չգիտեմ, թե ինչ օգնություն կարող է մատակարարվել»:
Իր հերթին ֆրանսահայ գործարար, «Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը, ցավով նշեց, որ թեև ոչ ամբողջովին, այդուհանդերձ Սփյուռքի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ մարել է, և մեծամասնությունը հիմա շատ անտարբեր է. «Մենք փորձում ենք աջակցել Հայաստանի ընդդիմադիր ակտիվստներին, բայց ճիշտ է, որ Ֆրանսիայում շատ մեծ անտարբերություն կա Հայաստանի հանդեպ: Թե ինչքանով Նիկոլը կկարողանա հետաքրքրությունը հետ բերել, չեմ կարող ասել, բայց պետք է որ Սփյուռքը աջակցի, ինչու՞ չէ՝ եթե կարողանա հետաքրքիր, ապագայի համար օգտակար հույսեր տալ»:
Տիկին Գործունյանն ընդգծեց, որ անձամբ իրեն Փաշինյանի նախաձեռնությունը շատ է հետաքրքրում, և ինքը դրա հետ հույսեր կապում է. «Ես պարոն Փաշինյանին շատ եմ հարգում, հարգում եմ նաև տիկին Զարուհի Փոստանջյանին: Ճիշտ է՝ նրանք նույն քաղաքական գծով չեն շարժվում, բայց ես հարգում են այն քաղաքական գործիչներին, ովքեր անկաշկանդ արտահայտվում և իրականությունն են ասում՝ առանց վախենալու ղեկավարությունից»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ կոնկրետ պայմանագրի վերաբերյալ խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ և հույս ունի, որ այն Հայաստանի քաղաքական դաշտում որևէ բան կփոխի. «Ես ինձ շատ հայ եմ զգում, շատ հայասեր եմ: Ինչքան ուզում եմ անտարբեր դառնալ՝ չեմ կարողանում: Ես հույս ունեմ, որ ընդդիմադիր ուժերը միասին կկարողանան խոսել, իրար աջակցել, որ նոր ղեկավարություն լինի՝ այնպիսի ղեկավարություն, որ իսկապես կսիրի մեր երկիրը: Լավ կլինի, որ այս պայմանագրի շուրջ էլ ընդդիմադիրներն իրար հետ աշխատեն և իշխանափոխություն իրականացնեն, որ Հայաստանի ապագան այդքան մութ չլինի»:









































