Սիրիայում զինված ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Սալիմ Իդրիսը, ստիպված է եղել լքել երկիրն այն բանից հետո, երբ «իսլամական ճակատի» գրոհայինները գրավել են նրա հրամանատարային կետը և պահեստները, որոնք գտնվել են Սիրիական ազատ բանակի վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմին:
Թերթի տվյալներով՝ Իդրիսը Սիրիայից տեղափոխվել է Թուրքիա, այնտեղից էլ՝ Կատարի մայրաքաղաք Դոհա:
«Նա ստիպված է եղել փախչել, քանի որ «Իսլամական ճակատը» գրավել է նրա շտաբը»,- նշել է աղբյուրը:
Թերթը նշում է, որ այս իրադարձություններն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ Սիրիական ազատ բանակն իր դիրքերը զիջում է իսլամիստներին: Այս ամենը զգալիորեն կխոչընդոտի նաև Օբամայի վարչակազմին՝ Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովի կազմակերպման հարցում, որին պետք է մասնակցեն Սիրիայի ընդդիմության և իշխող վարչակարգի ներկայացուցիչները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են ռազմական տեխնիկայի մատակարարումը Սիրիայի հյուսիս այն բանից հետո, երբ «Իսլամական ճակատ» խմբավորման գրոհայինները գրավել են ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի վերահսկողության տակ գտնվող բազաները և պահեստները:
«Իսլամական ճակատ»-ը կազմավորվել է նոյեմբերին՝ մի քանի իսլամիստական խմբավորումների միավորումից:









































