Սիրիայի իշխանությունները ահաբեկչության դեմ պայքարում կվերսկսեն համագործակցությունը Արևմուտքի հատուկ ծառայությունների հետ միայն Դամասկոսում այդ արևմտյան երկրների դեսպանատների բացումից հետո: Այս մասին հայտնել է տեղի NBN հեռուստակայանը:
«Եվրոպացիների հետ համագործակցությունը ծայրահեղականության դոսյեի շուրջ դադարեցված է և ներկայում չի իրականացվում»,- հեռուստաալիքը մեջբերում է Սիրիայի կառավարության պաշտոնական աղբյուրի խոսքերը:
ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ արևմտյան երկրներ Դամասկոսում 2012-ի սկզբին փակել էին իրենց դիվանագիտական առաքելությունները: Օրերս Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեկդադը լրագրողներին հայտնել է, որ Արևմուտքի պետություններից ազդանշաններ են ստացվում զինված ծայրահեղականների գործունեության մասին տեղեկատվության փոխանակման հարցում հետաքրքրվածության վերաբերյալ:
«Սուրիա Ալ-Էն» գործակալության տեղեկություններով՝ Սիրիայում կառավարական բանակի դեմ ներկայում կռվում են ահաբեկիչներ աշխարհի 83 երկրներից:









































