Իտալիայի ամբողջ տարածքում երրորդ օրն է՝ ժողովրդական բողոքներ են տեղի ունենում կառավարության տնտեսական քաղաքականության և բարձր հարկերի դեմ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, երկրի տարբեր քաղաքներում ցույցեր են անցկացվում, ցուցարարները փակում են երկաթուղային ճանապարհները և մայրուղիները:
Կազմակերպիչները սպառնում են փակել Հռոմի կենտրոնը այն պահին, երբ խորհրդարանում կանցկացվի որոշիչ քվեարկություն կառավարության վստահության հարցով: Փոխվարչապետ Անջելինո Ալֆանոն, ով ղեկավարում է ՆԳՆ-ը, երեքշաբթի հանդիպում է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ և նախազգուշացրել, որ ուժայինները բռնություն և քաոս թույլ չեն տա:
Իտալիայի իշխանությունները ցուցարարներին կոչ են անում դուրս չգալ ցույցերի ժողովրդավարական իրավունքի շրջանակներից: Ժողովրդական դժգոհության փաստից արդեն օգտվել են որոշ քաղաքական գործիչներ: Օրինակ՝ Սիլվիո Բեռլուսկոնին կառավարությանը կոչ է արել հանդիպել կազմակերպիչների հետ և բավարարել նրանց պահանջները:
Կազմակերպիչները խոստանում են շարունակել ցույցերը մինչև ուրբաթ: Միևնույն ժամանակ մի շարք քաղաքներ մտավախություն ունեն, որ ճանապարհների փակվելու և մատակարարումների դադարեցման պատճառով մինչև շաբաթվա վերջ կարող է առաջանալ մթերքի դեֆիցիտ:








































