Ուկրաինայի և Մաքսային միության միջև որևէ համաձայնագիր չի լինի, ուկրաինական կառավարությունը ոչ մի փաստաթուղթ չի պատրաստում ստորագրման համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին Ուկրաինայի կառավարության նիստին հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
Նա կրկին հավաստիացրել է, որ Ուկրաինան շարունակում է ասոցացման մասին բանակցությունները ԵՄ-ի հետ: Վարչապետն ընդգծել է, որ դեկտեմբերի 17-ին ռուս-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում Մաքսային միությանն անդամակցելու մասին ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի:
Ազարովը նաև նշել է, որ Ուկրաինայում երբեք ուժ չեն կիրառի խաղաղ ցուցարարների հանդեպ:
«Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղ ցուցարարների հանդեպ ուժ չի կիրառվի: Պետք չէ սրել իրավիճակը: Հանգստացե՛ք: Խոսքը միայն ճանապարհների մաքրման մասին է Կիևի կենսունակությունն ապահովելու համար»,- ասել է նա:
Կառավարության ղեկավարն ասել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները, որոնք գտնվում են Ուկրաինայում, հետևում են բողոքի ակցիաներին, սակայն չեն շտապում օգնություն ցուցաբերել ուկրաինական կողմին:
«Անկախության հրապարակում ցուցարարները ցանկանում են ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրում, կառավարությունը ևս կողմ է փաստաթղթի շուտ ստորագրմանը, սակայն մենք կցանկանայինք պայմաններ ստեղծել մեր տնտեսության կորուտսները նվազեցնելու համար»,- հավելել է նա:








































