Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության մայրաքաղաք Բանգիում զոհվել է ֆրանսիացի երկու զինծառայող: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի վարչակազմին: Սա առաջին կորուստն է ֆրանսիական զորքերի շրջանում՝ սկսած դեկտեմբերի 6-ից, երբ նրանք գործողություն են սկսել երկրում ընդդեմ ապստամբների:
Ֆրանսիացի զինծառայողները զոհվել են երկուշաբթի երեկոյան՝ մարտի ժամանակ: Տեղի ունեցածի մանրամասների մասին չի հաղորդվում: Նախօրեին ֆրանսիացիները միջկրոնական հակամարտություններին մասնակցող գրոհայիններից պահանջել են վայր դնել զենքերը՝ խոստանալով հակառակ դեպքում ուժ կիրառել: Այս հայտարարությանը հաջորդել է բախումների ալիքը, որին զոհ է գնացել 400 խաղաղ բնակիչ:
Ակնկալվում է, որ դեկտեմբերի 10-ին Բանգի կժամանի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում Նելսոն Մանդելայի հուղարկավորության կապակցությամբ: Երկրի նախագահին ուղեկցում է արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիան և Աֆրիկյան միությունը ստացել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ ԿԱՀ-ում կարգուկանոն հաստատելու նպատակով ուժ կիրառելու թույլտվություն: Երկրի տարածքում գտնվում են շուրջ 1600 ֆրանսիացի զինծառայող և Աֆրիկյան միության 2500 զինվոր:









































