ԼՂՀ անկախության հանրաքվեի օրը պետք է վերին աստիճանի կարևոր իրադարձություն լինի բոլորիս համար: Այսօր` հանրաքվեի օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Մարդու իրավուքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` իրադարձության առթիվ շնորհավորելով հայ ժողովրդին:
Անդրադառնալով ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի` դատական համակարգի, դրանում առկա կոռուպցիոն երևույթների վերաբերյալ երեկվա զեկույցին` նա նկատեց, որ կաշառակերություն երևույթը դրանում բավական փաստական կերպով է ներկայացված: «Ըստ էության, զեկույցի առնչությամբ բողոքում են նրանք, ում մասին տվյալներ են հրապարակվել նույն այդ զեկույցում:
Եթե Հայաստանում արդար դատական համակարգ լիներ, որը, ցավոք, չկա, բնական է, որ բողոքողը ժողովուրդը կլիներ` այդ կառույցից պահանջելով չարատավորել արդար դատարանների անունը: Բայց եթե դուրս գաք փողոց և ՄԻՊ-ի երեկվա զեկույցի մասին հարցում անցկացնենք, յուրաքանչյուր խելահաս, գրագետ մարդ կասի, որ Հայաստանում դատական համակարգն իրոք կոռումպացված է:
Կարդալով զեկույցը` հիշում եմ, որ իմ` ՄԻՊ եղած ժամանակ դատարաններում գործող կաշառքների չափերը զգալիորեն պակաս էին Կարեն Անդրեասյանի նշած՝ առաջին ատյանում ներկայիս 500 դոլարի փոխարեն, օրինակ՝ 200-300 դոլար: Այն տարիներին ինձ մոտ հաճախ էին գալիս մարդիկ, ովքեր դատական համակարգում առկա կաշառակերության արդյունքում կորցրած էին լինում ընդհուպ բնակարանն ու մեքենան,- նշեց ՀՀ առաջին օմբուդսմենը:
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ մեր օրերում ՄԻՊ-ի աշխատանքը առավել արդյունավետ է դառնում հաստատության` մարզերում գործող մասնաճյուղերի և օգնող խմբերի աջակցությամբ: «Գրասենյակի աշխատանքը գնալով ավելի ու ավելի համակարգված է դառնում: Սակայն Մարդու իրավունքների պաշտպանի կառույցը ամուր հողի վրա կանգնելու շատ ժամանակ ունի: Դրա կայացմանը պետք է օժանդակել և անել ամեն բան` ուժեղացնելու այն»,- ասաց նա:
Ամփոփելով` Լարիսա Ալավերդյանն անթույլատրելի համարեց, որ խաղաղ գործողությունների ժամանակ ոստիկանությունն անհիմն կերպով ցրում է ակտիվիստներին: «Սա վատ ավանդույթ է դառնում: Մանավանդ երբ որոշ ոստիկաններ իրենց գործողություններով ոտնահարում են ցուցարարների իրավունքները»:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ իր արտահերթ զեկույցում անդրադարձել է համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներին, նաև նշել դատական կաշառքի սակագները:
Ըստ զեկույցի` առաջին ատյանում կաշառքների չափը մոտ է 500-10.000 դոլարին, Վերաքննիչ դատարանում՝ 2000-15.000 դոլարին, իսկ ահա Վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 դոլարին:
Զեկույցում պաշտպանն անդրադարձել է նաև դատավորների ճնշումներին, արդարադատության խորհրդում և Վճռաբեկ դատարանում արձանագրված խախտումներին և երկակի ստանդարտներին, ինչպես նաև դատական համակարգի օրենսդրական խնդիրներին:
Զեկույցի մշակման նպատակով, ըստ ՄԻՊ գրասենյակի, հարցազրույցներ են անցկացվել ոլորտի շուրջ 120 մասնագետների փաստաբանների, դատախազների, իրավաբանների, գիտնականների շրջանում: Պաշտպանը երաշխավորել է աղբյուրների գաղտնիությունը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































