«Սասնա ծռեր» խումբը հունիսի 5-ին հայտարարություն է տարածել, որով հայտնել է իր զինված պայքարի էջը փակելու և կառավարությանն աջակցելու մասին: Խումբը, որը 2016 թվականին գրավել էր Երևանի ՊՊԾ գունդը, ինչի հետևանքով սպանվել էր երեք ոստիկան, ներկայումս գտնվում է կալանքի տակ, և ընթանում է դատավարություն: «Սասնա ծռերը», միաժամանակ, իր համակիրներին կոչ է անում շարունակել ազգային-ազատագրական պայքարը, նոր՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարությանն աջակցելով ամրանալու հարցում: Միևնույն ժամանակ, խումբը հայտարարում է նաև, որ իր զինված պայքարի արդյունքում է, որ իշխող համակարգի թելը կտրվել է, և հնարավոր է դարձել խաղաղ անհնազանդության հաղթանակը:
Այս պնդումներն, անշուշտ, հարաբերական են, և ի վերջո՝ նույն բանը ասելու, մեղմ ասած, ոչ պակաս հիմքեր ունի, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը, որը գլխավորեց 2008-ի շարժումը: Ի վերջո՝ Նիկոլ Փաշինյանը իր պայքարը սկսել է դեռևս 2007 թվականի «Այլընտրանքից» ու քայլ առ քայլ գնացել դրան: Վերջին հաշվով, նույն բանը կարող է ասել Վազգեն Մանուկյանը, որն առաջին պայքարն է սկսել ընտրակեղծիքների դեմ և այլն, և այլն, ու այդպես գուցե հնարավոր է հասնել մինչև Ազգային միացյալ կուսակցություն, որը ԽՍՀՄ շրջանում պայքարում էր Հայաստանի անկախության համար:
Խնդիրը, իհարկե, տվյալ դեպքում դա չէ, այլ այն, որ հայտարարվում է զինված պայքարի էջը փակելու մասին: Հայաստանում չպիտի լինի այդպիսի էջի անհրաժեշտություն ընդհանրապես: Սակայն այստեղ էլ իրավիճակը, իհարկե, հարաբերական է, քանի որ «Սասնա ծռերի» հայտարարության մեջ այնքան էլ միարժեք չէ, թե նրանք ինչպես են տեսնում իրենց հետագա գործունեությունը, եթե այս կամ այն կերպ ազատվեն բանտից:
Նրանք որևէ կերպ չեն անդրադառնում արտահերթ ընտրությանը, օրակարգում այդ հարցի առկայությանը, չկա մատնանշում՝ հետայսու միայն ընտրությա՞ն միջոցով են տեսնում քաղաքական պայքարի ձև Հայաստանում, թե՞ իրավիճակի որևէ, իրենց գնահատմամբ, անցանկալի փոփոխություն միանգամից կարող է հիմք դառնալ զինված պայքարի էջը բացելու: Իսկ որպես կանոն, որքան էլ խումբը խաղաղ անհնազանդության հաղթանակի մեջ մատնանշի նաև իր երկամյա վաղեմության լուման, պայքարի զինված էջերի պարագայում, բացի մարդկային ողբերգությունից և պետության համար ահռելի վտանգներից, իշխող համակարգին, ըստ էության, չի լինում ոչինչ:
Մինչդեռ այստեղ է բուն խնդիրը՝ քաղաքականության մեջ ոչ թե զինված պայքարի էջի փակում, այլ զինված, բռնի ճանապարհի իսպառ մերժում, բացառում: Հակառակ պարագայում, փակված էջը, փաստորեն, ստացվում է բացման ենթակա, իսկ անհրաժեշտության խնդիրը այս դեպքում կարող է լինել արդեն խիստ սուբյեկտիվ մեկնաբանությունների ենթակա, ըստ այդմ՝ հայկական պետականությունը պահելով նոր լարված և ողբերգական իրադարձությունների մշտական վտանգի կրկնությանը ենթակա:
Ըստ այդմ՝ նոր Հայաստանում առավել ևս առանցքային խնդիրներից մեկը հասարակական-քաղաքական կոնսենսուսի ձևավորումն է քաղաքական պայքարում բռնությունը որպես մեթոդ ու ճանապարհ իսպառ բացառելու, մերժելու հարցում: Իհարկե, դա ևս չի կարող լինել անբեկանելի երաշխիք, սակայն այդ պարագայում, որևէ ուժ, ի վերջո, իր քայլերի համար օրենքի առաջ պատասխանատու լինելուց բացի, թերևս պատասխանատու կլինի նաև հասարակության առաջ, ինչը պակաս կարևոր չէ, իսկ մեր դեպքում երևի թե նույնիսկ ավելի կարևոր է, համենայնդեպս՝ քանի դեռ օրենքի գերակայության և անբեկանելիության սկզբունքը ավելի շատ ցանկություն է, քան հանրային գիտակցություն ու կենսակերպ:








































