Ռուսաստանի հետ Հայաստանն ունի շատ խորը, կարևոր հարաբերություններ, ինչը շարունակական է լինելու: «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ռազմավարական համագործակցությունը, ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ ունեն շատ ամուր հիմքեր, շատ տրամաբանական և բացատրելի, և մենք խնդիր չունենք դա շատ հստակ բացատրելու մեր մյուս գործընկերներին»,-ասել է նախարարը` հավելելով, որ պետք է ջանքեր ներդնել և բացատրել հնարավորինս պարզ և հստակ, որ Հայաստանը հարաբերություններ մեկի հետ մյուսի հաշվին կամ հակառակը երբեք չի կառուցել և նպատակ չունի կառուցելու։
Նախարարը հավաստիացրել է, որ Եվրոպական Միության հետ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և վավերացման փուլում գտնվող Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը չի ստորագրվել և չի իրականացվում հակառակ մյուս ուղղությունների, բայց համալրում է այն ամենն, ինչը Հայաստանն անում է իր շահերի համար։









































