Քուվեյթի քրեական դատարանը արդարացնող դատավճիռ է կայացրել ընդդիմության 70 կողմնակիցների հանդեպ, որոնց մեղադրում էին խորհրդարանի շենքը գրոհով վերցնելու մեջ՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Շուրջ 70 մարդ, որոնց թվում էին նաև նախկին պատգամավորներ, 2011թ. նոյեմբերին երկրի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող ցույցից հետո ներս էին խուժել:
Քուվեյթում այդ ժամանակ բողոքի ակցիաները սկսվել էին «արաբական գարնան» հեղափոխությունների ֆոնին: Տեղի ընդդիմությունը պահանջում էր ղեկավարության փոփոխություն:
Մեղադրանք է ներկայացվում խորհրդարանի շենք ներխուժած միայն 70 անձանց հանդեպ՝ չնայած իրականում նրանց թիվն ավելի շատ էր:
Դատական նիստերի ընթացքում մեղադրյալները հերքել են իրենց մեղքը և պնդել, որ ոստիկանությունն իրենց դեմ ուժ է կիրառել և ստիպել է շենք մտնել: Նրանք նաև նշել են, որ նյութական վնաս չեն հասցրել շինությանը, գույքին և հավելել, որ դա չի կարելի որակել որպես շենքը գրոհով վերցնելու փորձ:
Հատկանշական է, որ մեղադրյալների թվում էր նաև սկանդալային խորհրդարանական Մուսալլամ Ալ-Բարաքը, ում բազմիցս մեղադրել են էմիր Սաբահ Ալ-Ահմեդ Ալ-Ջաբար Ալ-Սաբահին քննադատելու համար, ինչն օրենսդրորեն արգելված է:








































