Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների ալյանսի հրավերով մեկնում է Ստրասբուրգ՝ քննարկելու համար ալյանսի և ԲՀԿ-ի միջև համագործակցության հեռանկարները:
Այսպիսով, ըստ էության, խոսքը ԲՀԿ-ի եվրաինտեգրացիայի երկրորդ փորձի մասին է: Առաջին փորձը՝ ԵԺԿ-ին անդամակցելու տեսքով, ձախողվեց: Եվրոպայի ամենամեծ կուսակցությունը մերժեց ԲՀԿ-ին, փոխարենը ընդունեց ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին ու «Ժառանգությանը»: Այս որոշումն, իհարկե, անհասկանալի էր, որովհետև ինչքան ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն էին ԵԺԿ-ին արժանի, այնքան էլ ԲՀԿ-ն: Թեև այստեղ երևի դեր խաղաց այն, որ Սերժ Սարգսյանը եվրաասոցացում էր սկսել, իսկ ԲՀԿ-ն նրա այդ քաղաքականությանը միանշանակ աջակցություն ոչ միայն չէր հայտնել, այլև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ակտիվորեն ֆինանսավորում էր Հայաստանում եվրասիական նախագծեր՝ հիմնականում երիտասարդական ուղղվածության, իսկ նրա ղեկավարած հայ-ռուսական ՀԿ-ների միությունն էլ ըստ էության հենց ստանձնել էր եվրասիական գաղափարի քարոզչությունը Հայաստանում: Այս ամենը Եվրոպան չէր կարող չնկատել:
Հարկ է չմոռանալ նաև, որ Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ իր որոշումը հայտարարելուց առաջ եղավ Եվրոպայում և այնտեղից վերադառնալուց հետո հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին:
Այսքանով հանդերձ, հարց է ծագում՝ ի՞նչ է փոխվել Եվրոպայում, որ ԲՀԿ-ի հանդեպ ուշադրության ակնհայտ թարմացում է նկատվում: Սակայն այստեղ պետք է մի պահ հասկանալ՝ այս թարմացումը հենց ԲՀԿ-ի՞ հանդեպ է, թե՞, այնուհանդերձ, այդ կուսակցության մեջ գտնվող, սակայն ակնհայտորեն, այսպես ասած, գաղափարա-քաղաքական փոքրամասնություն կազմող Վարդան Օսկանյանի հանդեպ: Այսինքն՝ Եվրոպայի համար ԲՀԿ-ն հետաքրքիր է ինքնի՞ն, թե՞ հետաքրքիր է այնքանով, որքանով այնտեղ է Օսկանյանը:
Այս իրավիճակների տարբերությունը մեծ է, որովհետև կախված այն բանից, թե որ իրավիճակի հետ գործ ունենք՝ մենք կարող ենք խոսել Վարդան Օսկանյանի եվրոպական այցերի հավանական արդյունքների տարբերակների մասին:
Ըստ էության, հարկ է այս կոնտեքստում արձանագրել նաև, որ վերջին շրջանում նկատվում է Վարդան Օսկանյանի հանդեպ հետաքրքրություն նաև ԱՄՆ-ում: Օսկանյանը Եվրոպական բարեփոխիչների և պահպանողականների ալյանսի հետ հանդիպման համար Ստրասբուրգ մեկնելուց առաջ հանդիպում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինի հետ, իսկ շաբաթներ առաջ էլ նա Երևանում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ:
Ինչ է մտորում Արևմուտքը ԲՀԿ-ի մասով՝ դժվար է ասել: Չի բացառվում, որ այսպիսով Արևմուտքը փորձում է նաև ՀՀԿ-ին ցույց տալ, որ այսօր հավասարության նշան է դրված ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, և եթե եվրաասոցացման խոստումներով Սերժ Սարգսյանը Արևմուտքում ինչ-որ առավելություն էր ձեռք բերել ԲՀԿ-ի հանդեպ, ապա սեպտեմբերի 3-ից հետո այդ առավելությունն այլևս ի չիք է դարձել, և Արևմուտքն այլևս ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին դիտում է հավասարության հարթության վրա: Ընդ որում, այստեղ ակնհայտորեն մեսիջ է ուղղված նաև Հայաստանի քաղաքական մյուս ուժերին, հատկապես նրանց, որոնք հավակնում են ներկայանալ Հայաստանում որպես Արևմուտքի գործընկերներ:
Եթե այս պահին ուշադրությունն ու նախապատվությունը տրվում է ԲՀԿ-ին, այսինքն՝ Արևմուտքը այլընտրանք է դիտարկում ԲՀԿ-ին՝ թեկուզ ընդամենը արտաքին ձևական խաղի համար, դա նաև այդ ուժերի գործունեությանը տրվող անուղղակի գնահատական է:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































