ԱՄՆ-ում վատ եղանակային պայմանները դարձել են տասնյակ մեքենաների վթարի պատճառ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Փենսիլվանիա նահանգում միաժամանակ իրար են բախվել ավելի քան 50 ավտոմեքենա:
Նահանգի Մորգանթաուն քաղաքում ՃՏՊ-ի պատճառը մերկասառույցն էր: Չունենալով արագ արգելակելու հնարավորություն՝ ավտոմեքենաները հերթականությամբ սկսել են իրար բախվել բանուկ մայրուղու վրա: Վթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, կան տասնյակ տուժածներ:
Մայրուղին փակ է, ակնկալվում է, որ այն փակ կմնա ևս մի քանի ժամ:
Նման վթար է տեղի ունեցել նաև Վիսկոնսին նահանգում՝ մայրուղու վրա, որը կապում է Միլուոքի և Չիկագո քաղաքները: Այստեղ մերկասառույցի հետևանքով իրար են բախվել 30 ավտոմեքենա: Տուժածների քանակի մասին չի հաղորդվում:









































