Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ վարչապետն ու իր թիմակիցները արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խնդիր ունեն՝ ցույց չեն տալիս այն Հայաստանի տեսլականը, որի օգտին պետք է քվեարկել: «Այս պահի դրությամբ դեռևս կադրային նշանակումներ ու հայտարարություններ են, բայց թե ինչպես է տեսնում Հայաստանի ապագան՝ չի ներկայացրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բադալյանը։
Նրա կարծիքով՝ բացառությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և վարչապետի թիմի՝ արտահերթ ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժեր չկան։ Փորձագետը նաև հավանական չի համարում Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ ընտրություններին մասնակցություն կլինի մեկ թիմով. «Նախնական հաշվարկներով՝ աշնանը տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց մնացած ուժերը տեղից չեն շարժվում։ Պասիվ են ՀԱԿ-ը, «Ժառանգությունը»։ Բացառված է մեկ թիմով մասնակցել, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ապագան ունի։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների ապագան տարբերվում է ԲՀԿ-ի ապագայից։ Համաժողովրդական մեծ ցուցակի մասին խոսելը ցույց է տալիս, որ քաղաքական գործիչը ընտրական գործընթացներից պատկերացում չունի»։
Բադալյանն ընդգծում է՝ եթե վարչապետը չհաջողի, դրանից կօգտվի ոչ թե ՀՀԿ-ն, այլ ԲՀԿ-ն ու մնացած ուժերը: «Դա վարչապետը պետք է հստակ հասկանա»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:





































