Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվում է Մահեշ Կումարի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ Մահեշ Կումարը համաձայնության է եկել Մունիբ Ուռ Ռահմաանի հետ և խարդախությամբ գումարներ հափշտակել Երևանի բժշկական համալսարանի հնդիկ ուսանողներից:
Մահեշ Կումարն ու իր հանցընկերը ուսանողներին առաջարկել են երկկողմանի ավիատոմսեր՝ կես գնով՝ 1500 դոլարի փոխարեն՝ 700 դոլարով:
Ուսանողներն էլ հավատացել են իրենց ճարպիկ համերկրացիներին ու գումարները տվել նրանց, սակայն ավիատոմսեր այդպես էլ ձեռք չեն բերել:
Մահեշ Կումարն ու իր հանցընկերը ամրագրել են տոմսերը, դրա վերաբերյալ թղթերը ցույց տվել ուսանողներին, առավել ևս շահել նրանց վստահությունը, հավաքել են գումարները, սակայն տոմսերի համար չեն վճարել ու տոմսերը, փաստորեն, չեն գնել:
Մահեշ Կումարը մենակ է նստած ամբաստանյալի աթոռին: Նա հայերեն նույնիսկ խոսում է և ակտիվորեն շփվում էր ուղեկցող զինվորների, ինչպես նաև երիտասարդ թարգմանչուհու հետ:
Ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե խարդախությամբ գումարներ չի հափշտակել:
Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալի շահերի պաշտպանը, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվեց:
24 տուժողներից էլ ներկայացել էր մեկ ուսանող, ով բավական լավ տրամադրություն ուներ և հաճույքով զրուցում էր երիտասարդ թարգմանչուհիների ու նույնպես երիտասարդ, բարետես մեղադրողուհու հետ:
Տուժողները հիմա քննաշրջանի մեջ են ու առաջնահերթ են համարում ուսումնական գործընթացը:
Դատարանը հաշվի է առնում հնդիկ ուսանողների զբաղվածությունը և նրանց դատարան է հրավիրում փոքրիկ խմբերով:










































