Մեքսիկայում ձերբակալվել է վեց մարդ, որոնք մասնակցել են ռադիոակտիվ նյութեր տեղափոխող բեռնատարի առևանգմանը՝ հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ կասկածյալները ձերբակալվել են դեկտեմբերի 5-ին և տեղափոխվել են Պաչուկա քաղաքի հիվանդանոց: Ձերբակալվածների անունները և այլ մանրամասներ գործակալությունը չի ներկայացնում:
Դեկտեմբերի 6-ին Օդալգո նահանգի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Պաչուկայի հիվանդանոց է տեղափոխվել հինգ մեծահասակ և մեկ դեռահաս՝ ռադիացիոն ճառագայթման ախտանիշով: Նախարարության հայտարարության համաձայն՝ այդ մարդիկ շփում են ունեցել կոբալտ-60 ռադիոակտիվ նյութերի հետ, որոնք գտնվել են առևանգված բեռնատարում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ռադիացիոն նյութեր տեղափոխող բեռնատարն առևանգվել էր Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում դեկտեմբերի սկզբին:








































