Վաշինգտոնում սպասում են վրացական առաջնորդների այցին: Այս մասին ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը:
«Մենք սպասում ենք Վրաստանի նոր առաջնորդների այցին: Ինչ վերաբերում է մանրամասներին և կոնկրետ ժամանակին, մենք այդ մասին խոսել ենք Ղարիբաշվիլու հետ»,-ասել է նա:
Վիկտորյա Նուլանդը գոհ է Վրաստան կատարած այցից: «Ուրախ եմ, որ կրկին անգամ եղա ժողովրդավարական Վրաստանում: Երկու պատճառներ կան, թե ինչու եմ ես ձեր հետ: Առաջինը՝ դուք ժողովրդավարական ընտրություններ եք անցկացրել, և իշխանության խաղաղ փոխանցում է տեղի ունեցել: Երկրորդը՝ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն է: Մենք կշարունակենք աջակցել ձեզ: Այսօր ես հիանալի հանդիպումներ ունեցա նախագահի, վարչապետի և նախարարների հետ: Հանդիպել եմ նաև փոքրամասնության առաջնորդի և խորհրդարանի նախագահի հետ, ինչն էլ խոսում է աճող միասնության մասին: Ես ճաշել եմ նաև բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մարտահրավերներ կան: Դա վերաբերում է փոքրամասնությունների իրավունքներին, դատական համակարգի կատարելագործմանը և տնտեսության զարգացմանը»,- հայտարարել է Նուլանդը: